«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2007-05-04 | #83, 2007-05-05 | #84, 2007-05-08


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՎՃՌՎԱԾ Է

Ինչպես հայտնի է, ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը կայանալու է այս տարվա սեպտեմբերին, Բաքվում: Հասկանալի պատճառներով, հայ ըմբիշների մասնակցությունն այդ մրցումներում, որտեղ վիճարկվելու են նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր, հարցականի տակ էր, քանի որ ադրբեջանական իշխանությունները մեր պատվիրակության անվտանգության ապահովման երաշխիքներ չէին տվել: Այս հարցով Հայաստանի մարզական ղեկավարությունը դիմել էր ՄՕԿ-ին եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային (ՖԻԼԱ), որոնց նախաձեռնությամբ ու մասնակցությամբ մայիսի 3-5-ը Բաքվում բանակցություններ ընթացան:

Հայաստանի պատվիրակության կազմում Բաքու էին մեկնել ՀՀ սպորտկոմիտեի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը եւ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Երեկ կայացած մամլո ասուլիսում նրանք լրագրողներին տեղեկացրին բանակցությունների արդյունքների մասին:

Ինչպես տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը, բանակցությունները քառակողմ էին, մասնակցում էին նաեւ ՄՕԿ-ի ներկայացուցիչ Թամաշ Այանը եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետը: Հայկական պատվիրակությունը հստակ ներկայացրել է այն պահանջները, որոնց ապահովման դեպքումՙ միայն հայ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Դրանք ենՙ Ադրբեջան մուտքի թույլտվություն, ժամանման պահից մինչեւ մեկնումը մեր պատվիրակության անվտանգության ապահովման երաշխիքներ, ազգային դրոշի առկայությունը մրցումների վայրում եւ հյուրանոցում, հաղթանակի դեպքում Հայաստանի օրհներգի ուղեկցությամբ երկրի դրոշի բարձրացում, Հայաստանի հետ ինտերնետային կապի հաստատում: Բավական երկարատեւ ու ծանր բանակցությունների ընթացքում նշված կետերն ընդգրկվել են քառակողմ պայմանագրում, որն ադրբեջանական կողմից ստորագրել է երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարը:

Բացի այդ, հայկական կողմը պահանջել է ՄՕԿ-ի հատուկ դիտորդի եւ անկախ լրագրողների ներկայությունը Բաքվում, որոնք պետք է հետեւեն ադրբեջանական կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այանը խոստացել է մի քանի հեղինակավոր թերթերից անկախ լրագրողներ հրավիրել: Բացառված չէ, որ նրանց ծախսերն իր վրա վերցնի Հայաստանի օլիմպիական կոմիտեն:

Ընդհանրապես Բաքվում բանակցություններն ընթացել են խիստ գաղտնի պայմաններում, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Նույնիսկ խնդրել են մեր պատվիրակության անդամներին հայերեն չխոսել, որպեսզի հայտնի չլինի նրանց ազգային պատկանելիությունը: Թբիլիսիում ինքնաթիռ նստելիս մեր պատվիրակության անդամների անձնագրերում ոչ մի նշում չի կատարվել, նույնը նաեւ Բաքվից վերադառնալիս: Ինքնաթիռում գտնվել են Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները, որոնք այցի ողջ ընթացքում ուղեկցել եւ հսկել են Հայաստանի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրեց Ռազմիկ Ստեփանյանըՙ նշելով, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի՞ ծանր հոգեբանական վիճակում կհայտնվեն հայ ըմբիշները Բաքվում անվտանգության աշխատակիցների հսկողության ներքո: Նա նաեւ ավելացրեց, որ հարյուր տոկոսով երաշխիք չունի, թե պայմանագրում նշված բոլոր կետերը ադրբեջանական կողմը կկատարի: Չնայած դրան, մեր պատվիրակությունը գտնում է, որ ամեն դեպքում աշխարհի առաջնությանը պետք է մասնակցել:

Նույն կարծիքի է նաեւ Լեւոն Ջուլֆալակյանը: Նա տեղեկացրեց, որ անկախ աշխարհի առաջնությանը մասնակցել-չմասնակցելուց, միջազգային ֆեդերացիան բացառության կարգով թույլատրել է հայ ըմբիշներին հանդես գալու վարկանիշային երեք մրցաշարերում: Այս որոշումն ընդունվել է մեր պատվիրակության ճնշման շնորհիվ: Հավաքականի գլխավոր մարզիչն արժանին մատուցեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը դիմել էր ՄՕԿ-ին ու ՖԻԼԱ-ին եւ որի համառության շնորհիվ հնարավոր եղավ բանակցությունների անցկացումը: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ է քաշային յուրաքանչյուր կարգում տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում: Առայժմ պարզ չէ, թե քանի մարզիկով հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հավաքականը նախապատրաստվում է մրցումներին եւ լավագույնները կընդգրկվեն ազգային թիմում:

Եվ այսպես, կայացած բանակցությունների արդյունքում թվում է, թե վերջապես լուծվեց Հայաստանի ըմբշամարտի հավաքականի աշխարհի առաջնության մասնակցության հարցը: Բայց ամեն դեպքում ադրբեջանական կողմից մեր մարզական պատվիրակության անվտանգության ապահովման հարցում մտավախությունը մնում է: Այդ կարծիքին էին նաեւ ասուլիսի մասնակիցները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4