«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2007-05-05 | #84, 2007-05-08 | #85, 2007-05-09


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐՈՒՄ «ՍԿԱՆԴԱԼԸ» ԿՈՒՂՂՎԻ՞

«Դաշնային բոլոր երկրամասերից պահանջում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության սահմաններում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրումՙ որպես պարտադիր բաղկացուցիչ մաս», ապրիլի 24-ի առիթով մամուլին հասցեագրած հաղորդագրության մեջ ընդգծում է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական (ՍԴԿ) խմբակցության արտաքին քաղաքականության փոխխոսնակ Մարկուս Մեկելըՙ հաշվի առնելով թեմայի եվրոպական նշանակությունը, ինչպես նաեւ Գերմանիայի ներգրավվածությունը հարցի մեջ: Ինչպես նշում է ավետարանական անկախ idea լրատվական գործակալությունը, նախկինում ավետարանական քահանա, այնուհետեւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (DDR) վերջին արտգործնախարար պաշտոնավարած Մեկելը հիշեցնում է, որ Օսմանյան կայսրության ռազմական գլխավոր դաշնակիցը գերմանական ռայխն էր, այդ պատճառով գերմանացիների պարտականությունն է ցեղասպանության հիշատակն արթուն պահելը եւ հաշտեցման գործընթացին նպաստելը: Գերմանական Բունդեսթագը 2005-ին արդեն դատապարտել է հայոց դեմ գործված ցեղասպանությունը (բանաձեւի վերնագրում ձեւակերպված էրՙ «1915-ի հայերի տեղահանությունն ու կոտորածները, ջարդը (Massaker)»- Ան. Հ.) եւ արտահայտվել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտեցմանն ի նպաստ: Քաղաքական գործիչը ցավով է նկատում, որ վերոհիշյալ թեման միայն Բրանդենբուրգի ուսումնական ծրագրում է «խարիսխ նետել»: Բացի դրանից, Բունդեսթագի պատգամավորը շատ կարեւոր է համարում Պոտսդամում Լեփսիուսի տան շինարարության ավարտը: Ինչպես 2005-ին Բունդեսթագին ներկայացված առաջարկում էր ձեւակերպվածՙ Լեփսիուսի տունը կոչված է մոռացման ճեղքերը փակելու, հայ, թուրք, գերմանացի ժողովուրդների միջեւ կապերի բարելավման գործին: ՍԴԿ-ն ներկայացնող Մարկուս Մեկելը ափսոսանք է հայտնում, որ Թուրքիան, ինչպես նախկինում, այժմ էլ կրքոտ ուրանում է 1 միլիոնից ավելի զոհ տված հայերի ցեղասպանության փաստը եւ սպառնում պատժել նրանց, ովքեր թուրք-հայկական հաշտեցման գործն են առաջ տանում, սրբագրում Թուրքիայի պատմության մութ էջերը: Հրանտ Դինքի սպանությունը ցույց տվեց, որ երկրում դեռեւս առկա են ուժեր, որոնք խոչընդոտել են ուզում Թուրքիայի ժողովրդավարացմանն ու եվրոպական ուղուն:

Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի բոլոր դպրոցներում ուսումնական ծրագիր մտցնելու հրատապության մասին ավելի վաղ գրել էր «Դեր թագեսշպիգելը»ՙ ապրիլի 25-ին իր էջերում զետեղելով Մաթիաս Մայսների հոդվածը: Ի պատասխան ձախերի խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վոլֆգանգ Գեհրքեի այն հարցին, թե ինչ պիտի անի դաշնային կառավարությունը, որ Բրանդենբուրգի օրինակը համընդհանուր դառնա, արտգործնախարարությունը պատասխանել է, թե ուսումնական ծրագրի կազմումը երկրամասային մարմինների իրավասությանն է հանձնված: Հոդվածագիր Մայսները տեղեկացնում է, որ փետրվարին Գերմանա-հայկական ընկերությունը հիշյալ հարցով գրավոր դիմել է կանցլեր Անգելա Մերկելին: «Ծանր է հանդուրժել այն սկանդալը, որ գերմանական դպրոցական դասագրքերը դեռեւս լռում են Հայոց ցեղասպանության մասին», ապրիլի 22-ին Մայնի Ֆրանկֆուրտի Փաուլսքիրշեում կայացած գլխավոր հուշահանդեսի ելույթում ընդգծել է Բունդեսթագի Կանաչների խմբակցության նախագահ Ֆրից Քուհնը, գրում է գերմանական «Դեր թագեսշպիգելը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4