Թեեւ քարոզարշավի ընթացքում «ժառանգություն» կուսակցությունը բազմաթիվ խախատումներ է արձանագրել, սակայն բավականին լավատեսորեն է տրամադրվածՙ ակնկալում է ստանալ ընտրողների ձայների 25 տոկոսը, այլ ոչ թե սոսկ հաղթահարել 5 տոկոսի շեմը: «Ժողովրդի գերակշիռ մասնակցությամբ «Ժառանգությունը» մայիսի 12-ին կարձանագրի իր հաղթանակը: «Ժառանգությունը» լինելու է առաջատարը», կուսակցության գրասենյակում երեկ հրավիրած ասուլիսում վստահաբար ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ու քանի որ մայիսը հաղթանակի ամիս է, «մնում է մի հաղթանակ էլ գրանցենք մեր երկրի ներսումՙ քաղաքացու, ժողովրդի եւ ի վերջո պետության հաղթանակ, որը քաղաքացուն բերելու է ազատություն, ազգին` շահ, պետությանը` ինքնիշխանություն եւ արձանագրվելու է հայ ժողովրդի առաջին ընտրական հաղթանակը 1991 թվականից այս կողմ»:
Կուսակցության լավատեսությունը բխում է այն համոզումից, որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու են նախորդներից, քանի որ հասունացել է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվելու, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու պահանջը. «Եթե Հայաստանը չունենա ժողովրդի մանդատը, հասարակության վստահությունը օրենսդիր ու գործադիր իշխանության հանդեպ, չի կարող միջազգային ատյաններում արժանվույնս ներկայացնել մեր ազգային խնդիրները եւ արդարացի լուծումներ գտնել: Մայիսի 12-ի ընտրական ընթացքը եւ արդյունքների արձանագրումը ուղղակիորեն կապված են մեր ազգային շահերի հետապնդման հետ»:
Հովհաննիսյանը համոզված է, որ ընտրությունների արդյունքների հերթական անգամ կեղծելու դեպքում կմիավորվեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ձգտում են տեր կանգնել իրենց իրավունքներին. «Այս անգամ նժարին է դրված ոչ միայն մեր եւ մեր երեխաների ապագան, այլեւ ամբողջ երկրի հեղինակությունը, տարածաշրջանում նրա առաջատար լինելու խնդիրը»:
Նրա աչքից դուրս չի մնացել այն, որ քարոզարշավի ընթացքում սրվել է ժողովրդի հատվածականությունը, ամեն մի կուսակցություն սեփական դրոշն իբրեւ գերանդի ձեռքն առած հնձում է չորս բոլորը: «Հայաստանում այսօր ավելի շատ կուսակցական դրոշներ կան, քան Թուրքիայումՙ Մուստաֆա Քեմալի դիմանկարում: Մենք պետք է դուրս մղենք այս հատվածականությունը: Գործող նախագահը, վարչապետը, որը նաեւ կուսակցության նախագահ է, պետք է վայր դնի կուսակցական դրոշը: Ժողովուրդը մեկ դրոշ է ճանաչում, մեկ զինանշան, մեկ բանակ, մեկ երկիր: Ակնկալում ենք, որ մայիսի 12-ը քաղաքացուն կտա ազատություն ու կմիավորի մեր ժողովրդին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերաբերմունքն արտահայտեց նաեւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալության վերաբերյալ: Իր համոզմամբ, օրինավոր եւ իրավական պետություն դառնալու առաջին քայլերն անելիս երկրի իշխանությունները պետք է սկսեն հենց իրենցից: «Պետության անինքնավստահության եւ անիրավության արտացոլանք է, որ ընտրությունների նախաշեմին նման գործեր են հարուցվում, նման ձերբակալություններ, խուզարկություններ են լինում քաղաքական աստառով: Բոլորս գիտենք, որ իշխանամերձ ամենատարբեր հարթություններում կան այնպիսի խախտումներ, հարստահարումներ, որոնք առաջին հերթին պետք է արժանանային մեր անվտանգության մարմինների ու դատախազության ուշադրությանը»:
Իր փափագած նոր Հայաստանը լինելու է կայուն ու անվտանգ, ուր պետական մարմինները գործելու են արտաքին սպառնալիքների դեմ, որ բազմաթիվ են ու բազմաշերտ: Չի լինելու վախի մթնոլորտ, յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահով է զգալու, ահաբեկված չի ապրելու: «Կարծում եմ, օրենքը պիտի բոլորին վերաբերի, քաղաքական աստառը, ընտրովի մոտեցումը ցուցանում է ներկա իշխանության ոչ պետականավայել քաղաքականությունը: Բռնության մթնոլորտը ահավոր մեծ վիհ է մեզ համար: Լավ կլինի, որ մեր իրավապահ մարմինները գոնե թեկուզ մեկ նման դեպք բացահայտեն եւ մինչեւ վերջ պատժեն մեղավորին»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ