Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ձերբակալվել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նրան կասկածում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման մեջ: Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանն արդեն իսկ կարծիք է հայտնել, որ այն, ինչում կասկածվում է իր պաշտպանյալը, «քրեական օրենսգրքի որեւէ հոդվածի դիսպոզիցիայով գոյություն չունի», հետեւաբար եւ հնարավոր առաջադրվելիք մեղադրանքը ապօրինի է: ՀՀ նախկին արտգործնախարարի փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին: Հովիկ Արսենյանի տեղեկացմամբՙ հանցակազմ գոյություն չունի, եւ համաձայն օրենսդրության, նախաքննական մարմինը պետք է մեղադրանք հարուցի կամ ազատ արձակի Ալեքսանդր Արզումանյանին 42 ժամվա ընթացքում: Նույն «հանցանքում» է մեղադրվում տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկի փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) բացատրություն է տվել որպես վկա:
Պարզաբանեցին ու կանխատեսեցին
ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի հետ կատարվածը պարզաբանեցին նույն շարժման ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանն ու Արտյոմ Խաչատրյանը: Ալեքսանդր Արզումանյանը, Վահան Շիրխանյանը, Արտյոմ Խաչատրյանը ապրիլի կեսերին Մոսկվայում հանդիպել են ռուսաստանաբնակ տարբեր անձանցՙ «Կուլտուրա» հեռուստաընկերության հետ կլոր սեղաններ կազմակերպելու նպատակով: Այդուհետեւ 9 տարբեր մարդկանց անունով Մոսկվայից Հայաստան շուրջ 160 հազար դոլար գումար են փոխանցել: Փաստը ՀՀ ԱԱԾ-ն նախ գնահատել է որպես փողերի լվացման, ապաՙ ՀՀ վիճակը ապակայունացնելու փորձ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, նշված անձանց հալածելու պատճառը Մոսկվայում հայտնի գործարար Լեւոն Մարկոսի տրամադրած մեքենայով շրջելն է: Ի դեպ, ՀՀ իրավապահները հետախուզում են հայտարարել Լեւոն Մարկոսի նկատմամբ: Մինչդեռ վերջինս ոչ միայն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գործընկերն է, ըստ ՆԺԿ նախագահի, այլեւ Հայաստանի նախկին իշխանություններին ռուսաստանյան էլիտային ներկայացնողն ու Լեռնային Ղարաբաղի ազատագրման պայքարում զգալի ֆինանսավորում ապահոված անձ, ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի: Նա հավատացած է, որ մեծ սխալ կլինի ասելՙ մեղավորը պետք է պատժվի եւ դրանով սահմանափակվել: Արտյոմ Խաչատրյանն էլ ԱԱԾ համար պարզաբանեց. «Քթերի տակ մի բարբարոս վաղ միջնադար է վերականգնվել Էջմիածնում, մեկ այլ բարբարոս` Կոտայքում, մյուսը` Գյումրիում»: Հաջորդ փաստումը Արամ Կարապետյանինն է. «Ամեն ինչ իմացանք, բայց անհայտ մնաց, թե ով է գաղտնալսել Արթուր Բաղդասարյանի զրույցը, ով է ծեծել Աշոտ Մանուչարյանին` չիմացան, ով է ծեծել Շահեն Պետրոսյանին` չիմացան, ով է կրակել Գյումրիի քաղաքապետի վրա` չիմացան, ով է սպանել Շահեն Հովասափյանին` չիմացան: Այս ամենը արվում է ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու համար»:
Դատապարտեցին միաձայն
Առկա իրավիճակը երեկՙ մայիսի 8-ին միատեղել էր «Նոր ժամանակներ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Հայրենիք ու պատիվ», «Հայոց հայրենիք», «Ժառանգություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային միաբանություն», «Հայաստանի ժողովրդական կուսակցություն» եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչներին: Քննարկման առարկան տեղի ունեցածն էր եւ անելիքի հստակեցումը: Միաձայն դատապարտեցին կատարվածը եւ կարեւորեցին արագ արձագանքումը:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը փաստեց, որ ՀՀ-ում ԱԺ յուրաքանչյուր ընտրությունից առաջ իբր թե քաղաքական մի ուժ է հայտնվում, որը արեւմուտքի թելադրանքով եւ ռուսական փողերով փորձում է հեղափոխություն իրականացնել. «Ինչ է, ստացվում է, Ռուսաստանն ու Արեւմուտքը փորձում են Հայաստանում միմյանց հետ հարցեր լուծել: Այդ դեպքում հասկանալի չեն Սերժ Սարգսյանի կեցվածքը, Իվանովի այցը Հայաստան, Բուշի շնորհավորանքը»: Ըստ Արամ Կարապետյանի, իրավիճակն ուղղակի աբսուրդային է: ՆԺԿ նախագահը վստահ է, որ ՀՀ-ում «ապակայունացման համար բավական է ընդդիմության միայն կոչով հավաքվող բազմությունը» եւ արտաքին միջամտության անհրաժեշտություն չկա: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ համոզմունք հայտնեց, որ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում եղած անձի ձերբակալումից առաջ հարկավոր է երկար ու հիմնավոր մտածել, քանի որ փաստն ինքնին սկանդալ է եւ անհրաժեշտ են հիմնավոր ու հստակ փաստարկներ. «Այդ փաստարկները չեմ տեսնում: էդ ի՞նչ պետություն է Հայաստանը, էդ ի՞նչ կայունություն է, որ 100 հազար դոլարով կարելի լինի ապակայունացնել: Դե գնացեք, մեկ միլիարդ դոլարով Ֆրանսիան ապակայունացրեք»: Վազգեն Մանուկյանը նաեւ պարզաբանեց, որ Ալեքսանդր Արզումանյանը վտանգ էր ներկայացնում, քանի որ չէր խաղում իշխանությունների առաջարկած ձեւով. «Իսկ նրանք ասում են մենք շուլեր ենք, եկեք զինաթափված մեզ հետ խաղացեք»: ԱԺՄ նախագահը համոզված է, որ տեղի ունեցածը «վաղուց հյուսվող շղթա է, որը շարունակություն կունենա, եթե այսօր լռենք: Լռելով էլ կնպաստենք 1937-ի վերականգնմանը: Այսօր Ալեքսանդր Արզումանյանն է, վաղը կարող ենք լինել յուրաքանչյուրս: Սա բոլորիս անձնական շահն է: Սերժ Սարգսյանին թվում է, թե միշտ պաշտոնյա է լինելո՞ւ: Պահ է գալու, որ Սերժ Սարգսյանը ձերբակալվելու է: Ինքն իր տակ փոս է փորում, մնում է փնտել նրան, ով կհրի նրան այդ փոսը»:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, դատապարտելով կատարվածը, կարծիք հայտնեց. «Տեղի ունեցածը ապացուցում է իշխանությունների անվստահությունն ու փոքրությունը: Եվ այս վիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ իշխանությունը չի ձեւավորվել ժողովրդի կամարտահայտությամբ»:
«Նախընտրական ներքին շուկան ավարտել եւ իշխանության մեջ-մեջ անելու սխեման գծել են, հիմա էլ մտածում են հետընտրական հանգիստ ընթացքի ապահովման մասին: Սրանով եմ բացատրում Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը: Հստակորեն տեսնում են, որ մայիսի 12-ին հաջորդելու է ընտրություններում լինելիք անարդարությունները չհանդուրժող ընդդիմադիրների եւ ժողովրդի համախմբումը եւ դրա դեմ պայքարում են անհեթեթ ձերբակալություններով», երեկ հայտարարեց «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը:
Քննարկման ավարտին որոշվեց հանդես գալ համատեղ հայտարարությամբ, դատապարտելով կատարվածը եւ ստեղծել քաղաքական բանտարկյալների պաշտպանության կոմիտե: «Հայոց հայրենիք» կուսակցության քվեարկության նախորդ օրըՙ մայիսի 11-ին ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաք կազմակերպելու առաջարկն էլ բացառված չէ, որ արժանանա երեկվա հավաքի մասնակիցների հավանությանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ