«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2007-05-05 | #84, 2007-05-08 | #85, 2007-05-09


«ԱՐԱՐԱՏԸ», ԹԵ՞ «ԲԱՆԱՆՑԸ»

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20-ին կտրվի Հայաստանի գավաթի 16-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպման մեկնարկը: Պատվավոր մրցանակի համար մրցավեճի կբռնվեն քառակի գավաթակիր Երեւանի «Արարատը» եւ գավաթի անդրանիկ խաղարկության հաղթող «Բանանցը»: Սպասվում է գավաթային անհաշտ մրցակցություն, որի ելքը գուշակելը դյուրին խնդիր չէ: Ո՞ւմ կժպտա բախտը: Կհաջողվի՞ արդյոք արարատցիներին 5-րդ անգամ նվաճել պատվավոր մրցանակը եւ այս ցուցանիշով հավասարվել ռեկորդակիր Աշտարակի «Միկային»ՙ միաժամանակ իրավունք ստանալով մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարին, թե՞ 15-ամյա ընդմիջումից հետո գավաթակիր կդառնա «Բանանցը»: Մինչ հարցի պատասխանը ստանալը, ներկայացնենք գավաթի եզրափակիչի մասնակիցներին:

Հայաստանի քառակի գավաթակիր Երեւանի «Արարատը» բավական հաջող է հանդես եկել պատվավոր մրցանակի խաղարկություններում: Անցած դարի 90-ական թվականներին արարատցիներն իրենց հավասարը չունեին գավաթի մրցաշարերում: Առաջին հաջողությանը թիմը հասել է 1993 թ.ՙ եզրափակիչում 3-1 հաշվով հաղթելով «Շիրակին»: Այդ խաղում առաջինը հաջողության էին հասել շիրակցիները (Հովհաննես Թահմազյան), սակայն 3 րոպե անց Համլետ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո Արմեն Շահգելդյանի խփած 2 գոլերն Արմեն Սարգսյանի սաներին գավաթակրի կոչմանն արժանացրին:

Հաջորդ մրցաշրջանում Արմեն Սարգսյանի գլխավորությամբ «Արարատը» եզրափակիչում կրկին մրցեց «Շիրակի» հետ: Այս անգամ արարատցիներին հաղթանակ պարգեւեց Կարեն Բարսեղյանի խփած միակ գնդակը: 1995 թ. «Արարատը» 3-րդ տարին անընդմեջ նվաճեց գավաթըՙ սահմանելով մինչ օրս չգերազանցված յուրօրինակ ռեկորդ: Հաջողությունը ձեռք բերվեց թիմի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանի գլխավորությամբ: Եզրափակիչում «Կոտայքի» նկատմամբ առավելությունն ակնհայտ էր (4-2): Բավական է նշել, որ արարատցիները խաղը շահում էին 4-0 հաշվով (Էդիկ Երիցյանՙ ինքնագոլ, Հայկ Հարությունյան, Համլետ Մխիթարյան, Հակոբ Տեր-Պետրոսյան) եւ միայն խաղավերջում նախկին արարատցի Կարեն Բարսեղյանը 2 անգամ իրացնելով 11մ հարվածները, կրճատեց հաշվի տարբերությունը:

1997 թ. «Արարատը» 4-րդ անգամ պատվո շրջան կատարեց գավաթով շնորհիվ «Փյունիկի» դարպասը Սեդրակ Բաբայանի խփած միակ գոլի: Թիմի գլխավոր մարզիչը Արկադի Անդրեասյանն էր, որի գլխավորությամբ չորս տարի անց արարատցիները գավաթը նվաճելու նոր փորձ ձեռնարկեցին: Սակայն այս անգամ «Միկան» ավելի հաջողակ գտնվեցՙ եզրափակիչում հաղթելով 11մ հարվաշածարի շնորհիվ (հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1):

«Բանանցն» իր պատմության մեջ 4-րդ անգամ է վիճարկելու գավաթը: Առայժմ թիմին միայն մեկ անգամՙ 1992 թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում է հաջողվել տիրել մրցանակինՙ եզրափակիչում 2-0 հաշվով առավելության հասնելով ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի») նկատմամբ (գոլերըՙ Արա Նիգոյան, Աշոտ Ավետիսյան): Հետաքրքրական է, որ թիմին գավաթակիր է դարձրել «Արարատի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Գավաթակրի կազմում այդ տարի խաղում էր «Արարատի» ներկայիս մարզիչ Գեւորգ Քամալյանը:

Գավաթը նվաճելու «Բանանցի» հաջորդ երկու փորձերն անհաջողության են մատնվել: 2003 թ. «Բանանցը» եզրափակիչում 0-1 հաշվով զիջել է «Միկային»: Դրամատիկ այդ հանդիպման 7-րդ րոպեին «Միկային» հաղթանակ պարգեւեց թիմի ավագ Արմեն Պետիկյանի խփած միակ գնդակը: Հաջորդ տարի եւս «Բանանցի» բախտը չբերեց: Այս անգամ թեեւ «Փյունիկի» հետ եզրափակիչ խաղում հաջողվեց դարպասը պահել անառիկ, սակայն 11 մ հարվածաշարով (5-6) գավաթը զիջեց մրցակցին:

Այսօրվա հանդիպումը գավաթի խաղարկություններում մրցակիցների չորրորդ մրցախաղը կլինի: Առայժմ թիմերը տարել են մեկական հաղթանակ, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:

Եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից գավաթի մրցաշարերում ամենատիտղոսակիրն «Արարատի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանն է: Նա եռակի գավաթակիր է: 1998, 1999 թթ. Գառնիկը գավաթակիր է դարձել «Ցեմենտում», 2005 թ.ՙ «Միկայում»: Արարատցիներից մեկական անգամ գավաթով պատվո շրջան են կատարել Արթուր Ոսկանյանը (1998 թ., «Ցեմենտ»), Գրիգոր Գրիգորյանը (1999 թ., «Ցեմենտ»), Նիկոլայ Սարգսյանը (2004 թ., «Փյունիկ») եւ Հովհաննես Հարությունյանը (2005 թ., «Միկա»): «Բանանցի» ներկայիս ֆուտբոլիստներից գավաթի նվաճման բերկրանքը վայելել է միայն Կարեն Սիմոնյանը 1999 թ. «Ցեմենտի» կազմում: Վերջինս մասնակցել է նաեւ «Բանանցի» համար անհաջող 2003 եւ 2004 թթ. եզրափակիչ հանդիպումներին: Վերջին երկու եզրափակիչների մասնակիցներ են նաեւ Արարատ Առաքելյանը, Աշոտ Գրիգորյանը, Ռոմեո Ջենեբյանը, իսկ Սուրեն Սարգսյանը (2003 թ.), Սամվել Մելքոնյանը (2004 թ.) եւ Արտակ Օսեյանը (2004 թ.) հանդես են եկել գավաթի եզրափակիչ մեկ խաղում:

Վեց արարատցիներՙ Գառնիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Սերգեյ եւ Նշան Էրզրումյանները, Հարություն Հովհաննիսյանն ու Սարգիս Մովսիսյանը 2005 թ. «Միկա»-«Կիլիկիա» եզրափակիչ հանդիպման մասնակիցներ են: Առաջիկա եզրափակիչը կլինի 4-րդը Գառնիկ Հովհաննիսյանի համար: Արթուր Մինասյանն ու Արթուր Պետրոսյանը միակն են, որ «Արարատի» կազմում մասնակցել են «Միկայի» հետ 2001թ. կայացած եզրափակիչ խաղին: Անցյալ տարի էլ «Փյունիկի» կազմում «Միկայի» հետ եզրափակիչին մասնակցել է Արթուր Ոսկանյանը:

«Արարատի» գլխավոր մարզիչը գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր է: Նրա գլխավորած թիմերն առավել հաճախՙ 3 անգամ դարձել են գավաթակիր: 1992 թ. Վարուժան Սուքիասյանի օրոք գավաթի անդրանիկ խաղարկությունում հաղթող է ճանաչվել «Բանանցը», իսկ 1998 եւ 1999 թթ. անվանի մարզիչը հաջողության է հասցրել Արարատի «Ցեմենտին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4