Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունում հանդես եկող հայ գրոսմայստերները հերթական հանդիպումներն անցկացրին: 3-րդ տուրում Կարեն Ասրյանը պարտվեց Ալեքսեյ Շիրովին: «Յուժնի Ուրալում» հանդես եկող Սմբատ Լպուտյանը մրցեց «Ուրալի» կազմում ընդգրկված Վլադիմիր Հակոբյանի հետ: Հայրենակիցներն ընդամենը 16 քայլ կատարելուց հետո հաշտություն կնքեցին:
4-րդ տուրում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Նայերի հետ: Նույնպիսի ավարտ ունեցան նաեւ Ասրյան-Շոմոեւ, Ռիչագով-Լպուտյան պարտիաները: 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից ասպարեզ մտավ միայն Կարեն Ասրյանը, որը հանդես է գալիս «Յուժնի Ուրալում»: Նա 44-րդ քայլին հաշտություն կնքեց Ջոբավայի հետ: Այդ մրցախաղում «Յուժնի Ուրալը» 4-2 հաշվով հաղթեց «Լադյային»:
6-րդ տուրում «Յուժնի Ուրալի» կազմում Լպուտյանն ու Ասրյանը կարճատեւ պայքարից հետո ոչ-ոքի ավարտեցին իրենց մրցախաղերը: Լպուտյանն ընդամենը 12 քայլ կատարեց Բարեեւի հետ պարտիայում, իսկ Ասրյանը 15-րդ քայլում հաշտություն կնքեց Բորիս Գելֆանդի հետ:
6 տուրից հետո առաջատարը «Տոմսկ-400»-ն է, որը բոլոր մրցախաղերն էլ շահել է եւ ունի 12 միավոր: Առաջատարին մեկ միավորով զիջում է «Ուրալը»: 9 միավոր ունի «Էկոնոմիստը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ