«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՖԱՆՏԱԶԻԱ՞, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2007 թվական, մայիս, ընտրություններից մի քանի օր անց:

- Ալո, բարեւ ձեզ, «Հանրապետականին» կարելի՞ է:

- Իսկ ո՞վ է հարցնում:

- Ժողովուրդը:

- «Հանրապետականը» խորհրդակցության է:

- Դե լավ, «Բարգավաճին» տվեք:

- «Բարգավաճն» ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր:

- Իսկ էն մեր հին ընկերնե՞րը:

- Նրանք էլ նեղ-կուսակցական դռնփակ, խի՛ստ դռնփակ կոնֆերանսի են:

- «ՕԵԿ»-ից էլ մարդ չկա՞:

- Չէ, բոլորով գնացել են ինչ-որ նոր տեսլական նայելու:

- Էէէէէ՜, բա ո՞վ կա իշխանության գրասենյակումՙ ՀԺԿ, ԴԺԿ, ԴԴՏ, «Իմ-պիչմենտ», «Քո-պիչմենտ»...

- Այ Ժողովուրդ ջան, դու լուսնից ես ընկե՞լ: Նրանք ըսկի իշխանության նախասրահին չեն հասել, ու հիմա ընկածՙ իրենք էլ են իշխանություններին փնտրում: Հենց գտնենՙ մեղմ ձեւակերպված մի երկու հարց ունեն տալու: Ինչի մասի՞ն: Ինչ-որ կեղծված ընտրությունների՜, թե ընտի՛ր կեղծարարությունների...

- Կներեք, ո՞ւմ հետ եմ խոսում:

- Իմ անունը համարյա բան չի ասի. ես Խիղճն եմ: Որ ճիշտն ասեմՙ ես էլ քո ասած տղերքին չեմ հանդիպում, ինձ էլ էստեղ մուտքն արգելված է: Բայց դե քանի մարդ-մուրդ չկար, ասի մի հատ մտնեմ... Հեռախոսն էնքան երկար զնգաց, խիղճս չտվեցՙ վերցրեցի:

- Բա հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ. տեղս նեղ է, մեկ ասիՙ չզանգեմ, բայց դե էլ հնար չկա...

- Չնեղվես: Ձեռքի համար ունե՞սՙ թո՛ղ, իրենք քեզ կզանգեն: Թե դեռ Հայաստանում լինեսՙ հողի տակից էլ լինիՙ կգտնեն: Անպայման, լսո՞ւմ եսՙ անպայման: Միայն թեՙ չորս տարի հետո, ասում եմՙ չորս, չորս տարի հետո: Ի՞նչ եղավ քեզ, ձայնդ տո՛ւր... Այ մարդ, էս ինչ եմ ասումՙ մի ձայն հանիր, այ Ժողովուրդ... Ժողովո՞ւրդ... Ժողովու՜րդ...

Տու-տու-տու-տու...

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4