«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


ՍԵՆԱՏՈՐ ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱՅԻ «ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՐԸ» ՉԵԽԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Չեխ խորհրդարանականները մեկնում են Հայաստան դիտորդական առաքելությամբ

Այսօր Երեւան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են Սենատի երկու եւ խորհրդարանի երեք պատգամավորներ` մասնակցելու Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում: Չեխ խորհրդարանականներին արդեն բաժանել են հայաստանյան խորհրդարանական ընտրություններին վերաբերող միջազգային մամուլից քաղված տարբեր հոդվածների ստվարածավալ մի ժողովածու, որը նրանք պարտավոր են կարդալ Հայաստանում գտնվելու երեք օրերի ընթացքում: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ պատգամավորները մի քանի օրում հասցնեն ծանոթանալ բոլոր անգլիատառ հոդվածներին, սակայն ընդհանուր պատկերացում, անշուշտ, կարող են կազմել:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց չեխական առաքելության անդամ, սենատոր Յարոմիր Շտետինան, ընտրությունների օրն իրենք կլինեն Վանաձոր քաղաքում, իսկ մայիսի 13-ին կմասնակցեն դիտորդների համատեղ մամուլի ասուլիսին:

Սենատորը ուրախ է, որ հնարավորություն կլինի այցելել նաեւ Գյումրի եւ Սպիտակ, ուր եղել է 1988 թվականին` դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո: Այդ օրերի ազդեցությամբ նա գրել է «Հրաշքների դարը» պատմվածքը, որն հետագայում լույս է տեսել համանուն պատմվածքների գրքում:

Մայիսի 2-ին եւ 3-ին սենատորին մի հաճելի անակնկալ էր սպասվում: Պրահայի Վիոլա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց «Հրաշքների դարը» ներկայացումը` երիտասարդ դերասաններ Մագդալենա Բորովայի եւ Միլոսլավ Կոնինգի համատեղ սցենարով եւ փայլուն խաղով: Սենատոր Շտետինան անչափ գոհ էր ներկայացումից, իսկ Ավստրիայում եւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը շատ տպավորված էր դերասանների խորը եւ զգացմունքային խաղով: Իրենց խաղից գոհ էին նաեւ դերասանները, որոնք ներկայացնելով երկրաշարժի ժամանակ փլատակների տակ մնացած ամուսնու եւ դրսից նրան օգնության հասնող կնոջ սիրո պատմությունը, ամբողջությամբ տարվել էին իրենց հերոսների ճակատագրով: Ավելին, նրանք ողջ ներկայացման ընթացքում հայերեն երգեր էին երգում, պարում, դրանով ավելի հայկականացնելով ներկայացման մթնոլորտը: Այս ներկայացման բեմադրության մտահղացումը ծագել է Մագդալենա Բորովայի մոտ, որին սենատոր Շտետինայի պատմվածքների գրքում հատկապես դուր է եկել նման ողբերգական վիճակում արտահայտված սիրո պատմությունը: Իսկ սենատորի ասելով, թեեւ կերպարները այդ օրերին իր հանդիպած մարդկանց հավաքական ամբողջություն էին, սակայն ամուսնու կերպարը ունեցել է նաեւ իր նախատիպը` գյումրեցի ռեժիսոր Արտաշեսը:

«Այս բեմականացումն անպայման պետք է Հայաստանում ներկայացվի», ասաց մեզ հետ զրույցում Հայաստանի դեսպանը: Իսկ մինչ այդ, շատ շուտով «Գարուն» ամսագրում հայերենով լույս կտեսնի «Հրաշքների դարը»` Ալլա Հարությունյանի թարգմանությամբ:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4