Ֆրանսիայում հայկական մշակութային կյանքը ներկայացավ նաեւ հայ գրքի փառատոնով, որ կազմակերպել էր Ալֆորվիլի Հայ մշակույթի տունը: Ինչպես գրում է «Յառաջ» օրաթերթի խմբագիր Արփի Թոթոյանը, միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ բազմաքանակ այցելուներ ունեցել: Ֆրանսահայ մշակութասերներին է ներկայացվել պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանի «Ախացելը» պիեսը` Սունդուկյանի անվ. թատրոնի բեմականացմամբ: Փառատոնը փակվել է հայ գրողին ու հրատարակչին նվիրված հանդիպումով, որին հրավիրված են եղել Գրիգոր Պըլտյանը (Փարիզ), Սարգիս Խաչենցը (Երեւան), Հարություն Քյուրքչյանը (Աթենք) եւ Ռոպեր Գոփթաշը (Պոլիս): Բանախոսները ներկայացրել են սփյուռքի եւ հայաստանյան գրականության, գրողի, լեզվի, գրահրատարակչական տարբեր խնդիրներ:
Գրիգոր Պըլտյանը անդրադարձել է հայ գրողի կարգավիճակի տարբերություններին` սփյուռքում եւ հայրենիքում, նկատելով, որ սփյուռքի գրողը լինելով ազգային գաղափարախոսության ներկայացուցիչն ու դրա կրողը` ստեղծագործական ազատությունների առումով կաշկանդված է: Սփյուռքը հայաստանյան հետանկախության շրջանին զգալի փոփոխություններ է կրել, դառնալով ավելի խայտաբղետ ու ավելի ստվար, սակայն հայերեն խոսողների թիվը օրըստօրե նվազում է: Գր. Պըլտյանը օտարալեզու հայ գրականությունը անվանել է «հետքերու գրականություն»` վերհիշեցնելով Վ. Տերյանի «հոգեւոր հայրենիքի» եւ Հ. Օշականի «գրականությունը հայրենիք է» գաղափարները: Իր կարծիքով գրականությունն ու հայրենիքը միմյանցից անկախ իրողություններ են:
Սերգեյ Խաչիկօղլյանը, որ արդեն տասնամյակից ավելի ծրագրային հրատարակչական աշխատանք է կատարում` հայ ընթերցողին ներկայացնելով հիմնականում արտերկրի գրականություն (արվեստաբանական, փիլիսոփայական, հրապարակախոսական երկեր)` բնագրային թարգմանությամբ, իր խոսքի մեջ նկատել է, որ սովետական տարիներին պետական գաղափարախոսությամբ վերահսկվող այս բնագավառում թարգմանությունները հիմնականում ռուսերենի միջնորդությամբ էին կատարվում: Ինքը եւ իր համախոհների խումբը հիմնադրելով «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը, փորձ են անում շտկելու այդ արատավոր վիճակը, զարգացնելու հայ թարգմանչական արվեստի ավանդույթները` որ դեռեւս 5-րդ դարից Մաշտոցը եւ իր աշակերտները սկսեցին: Նա անդրադարձել է նաեւ Մխիթարյանների վաստակին այս բնագավառում, իսկ նոր ժամանակներում բացառությամբ 25-30-ականներին Վարազդատ Տերոյանի` փիլիսոփայական երկերի բնագրային մի շարք թարգմանությունների (որոնք չեն պահպանվել), էական ներդրում չի կատարվել: Որեւէ ազգային նեղմտությունն ու սահմանափակումը որակելով կործանարար` նա ժողովուրդների զարգացման ճանապարհը համարել է մշակութային եւ տարբեր այլաբնույթ փոխշփումները, փոխադարձ ներգործությունները:
«Սարգիս Խաչենց տիպարն է հայաստանցի դժբախտաբար ոչ յաճախադէպ մտաւորականին, որ տեղին ախտաճանաչումը ըրած է, դարմանին մասին մտածած ու գործի անցնելու համար միջոցները ճարած, առանց տրտունջներու հիւանդագին ժամավաճառութեան, առանց ամէն ժխտականի, կամ դժւարութեան առջեւ աջն ու ձախը, վերն ու վարը ամբաստանելու սովորամոլութեան», գրում է Ա. Թոթոյանը:
Գրող, հրատարակիչ, քննադատ Հարություն Քյուրքչյանը անդրադարձել է գրական ուժականությանն ու նորարարության խնդիրներին` պահպանել նկարագրի ինքնատիպությունը, միեւնույն ժամանակ բացվել օտարի առաջ: Նա ասել է, որ 1920-ականներից ինքնամեկուսացման էինք մղվում օտարի հանդեպ ունեցած վախից, եւ նորարարները, ինչպես Նիկողոս Սարաֆյանը, Վահե Օշականը հաճախ չընկալվելու պատճառով թշնամանքի թիրախ էին դառնում: Օտարագիր հայ գրողների ստեղծագործություններին անդրադառնալիս նշել է, որ չնայած դրանց մեջ առկա հայկական զգայնություններին, հայ գրականությունը, սակայն նրանցով չի ներկայանում: «Գրականութիւնը լեզուի հարց է, կ՛ըլլայ լեզուով, լեզուին մէջ», ասել է նա` գտնելով, որ օտարագիր հայ գրողը պարտադիր պետք է տիրապետի հայերենին:
Արփի Թոթոյանը ուշագրավ է համարում Պոլսից Ռ. Գոփթաշի ներկայացրած տվյալները: Ըստ Գեւորգ Բամուքչյանի ուսումնասիրություններից մեկի, 1923-1945 թվականներին այդ գաղութում 566 գիրք է լույս տեսել, իսկ մինչեւ 1972 թ.-ը` 466 հատոր: Անցյալի ավելի քան տասնյակ հրատարակչի փոխարեն այսօր գործում են 1-2-ը, չկան տարեգրքերը, հանդեսներից 1-2-ն են մնացել: 1993-ին հիմնված «Արաս» հրատարակչությունը փորձում է լրացնել բաց տարածքը` գործելով երկու ուղղությամբ. նախ` հայերեն հրատարակություններով ու թուրքերեն թարգմանություններով արթնացնել մշակույթը, երբեմն էլ լեզուն կորցրած հայության ոգին, եւ թուրք ընթերցողին ծանոթացնել հայ մշակույթին ու պատմությանը: Մինչ այսօր լույս են տեսել 60 անուն թուրքերեն ու 30 անուն հայերեն գրքեր` 1000-ական տպաքանակով, որից տարեկան 250-300 օրինակ է սպառվում: Նա անդրադարձել է ընթերցողի սակավաքանակության, հայերեն գրքերը հայաշատ գաղութներում բաշխելու հարցերին եւ առաջարկել է ստեղծել համացանցի կայքէջ, որը հնարավորություն կտա ամբողջ աշխարհի հայ հրատարակիչներին` իրենց հրատարակությունների մասին կանոնավորապես տեղեկացնելու:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ