«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


ԱՆՀՆԱՐԻՆԸ ԱԼԱՎԵՐԴԻԻՆ «ՎԱԼԵՔՍ ԽՈՒՄԲ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

1943 թվականի մարտին Դավոյանների ընտանիքը ռազմաճակատից ստացել էր ոչ եռանկյուն ծալված նամակ: Դա նշանակում էր նամակը որդուց` Աշոտից չէր: Եկել էր նրա մահվան ծանուցագիրը: Այն չհասավ Աշոտի ծնողներին: Պատերազմական շրջանի նամակագրության ու տեղեկացումների խառնաշփոթին քաջ ծանոթ փոստատարուհին ծանուցումը հանձնել էր բարեկամուհիներից մեկին, խնդրանքովՙ մի քանի օր պահել. կարող է օրեր անց ճիշտ հակառակՙ բարի լուր ստացվեր հենց Աշոտ Դավոյանի նամակով: Այդպես էլ եղավ: Եվ այսօր 84-ամյա Աշոտ Դավոյանը Հայրենական պատերազմի ալավերդցի 33 վետերաններից մեկն է, ում հանդիսավոր արարողությամբ եւ խնջույքով մայիսի 9-ին շնորհավորեց «Վալեքս խումբ» ընկերությունը: Ընկերության կողմից շնորհավորանքներ ստացան նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցներն ու զոհված ալավերդցի 28 մարտիկների հարազատները:

Ալավերդու զինկոմիսարիատի մոտից մեկնարկած երթի մասնակիցներին Հայրենական պատերազմի, արցախյան ազատամարտի վետերաններին ու մասնակիցներին եւ ժողովրդին Հաղթանակի հուշարձանի մոտ զինվորական ոգեւորիչ երաժշտությամբ դիմավորեց փողային նվագախումբը: Երթի մասնակիցների հետ ի հիշատակ Հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին ծաղիկներ դրեցին Լոռու մարզի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները, նաեւ «Վալեքս խումբ» ընկերությունների ղեկավարությունըՙ նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ: Ելույթներում բոլորն էլ ընդգծեցին երկու պատերազմներում կատարածի արժեքավորությունը, մասնակիցներին համապատասխան ուշադրություն ցուցաբերելու եւ ապահով ապագայի համար երկիրը զորացնելու անհրաժեշտությունը: Ինչպես փաստեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, իր համաքաղաքացիների համար ավանդույթ է հարգանքի տուրք մատուցելը Հայրենականի եւ վերջին տարիներին նաեւ արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: «Վալեքս խումբ» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի վկայությամբ էլ ավանդույթից դուրս, բայց իրողություն է դրամական նվերները «Մանես» բարեգործական հիմնադրամի կողմից, որ այս տարի 15 հազարական դրամ էր, յուրաքանչյուր վետերանի (33) եւ զոհված ազատամարտիկի (28) ընտանիքին:

Մայիսի 9-ի միջոցառումների շարքը Ալավերդիում չսահմանափակվեց հանդիսավոր արարողությամբ եւ խնջույքով: Երեկոյան Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց տեղի ունեցավ բացօթյա համերգ Սյուզան Մարգարյանի, Սիրուշոյի, Հասմիկ Ղարիբյանի, Լեյլա Սարիբեկյանի, Աշոտ Ղազարյանի եւ այլոց մասնակցությամբ: Համերգին հաջորդեց հրավառություն, իսկ նախորդել էր ապրիլի սկզբին մեկնարկած քանդակագործական սիմպոզիումի ավարտըՙ քանդակների օծմամբ: Սիմպոզիումին մասնակից 11 քանդակագործներից յուրաքանչյուրը մի քանդակ է ստեղծել Ալավերդիում տեղադրելու համար: Ի թիվս մյուս միջոցառումների քանդակագործական սիմպոզիումն էլ կազմակերպել է «Վալեքս խումբ» ընկերությունը: Ֆինանսավորելուց զատ քանդակների համար հանձնարարել է նաեւ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների թեմատիկան եւ մայիսի 9-ի երեկոյան քանդակների օծումից հետո դրանք մոտ ժամանակներում, համաձայն Ալավերդու քաղաքապետարանի, բնակիչների եւ մասնագետների տեղի ընտրությամբ տեղադրվելու են քաղաքում: Ի դեպ, Ալավերդիում քանդակներ վերջին անգամ տեղադրվել են 1996 թվականինՙ նույնպես քանդակագործական սիմպոզիումի արդյունքում: Նոր քանդակներից միայն մեկըՙ քանդակագործ Գագիկ Ստեփանյանի «Եղիցի լույս» քանդակն է տեղադրվել ապրիլի 24-ին եւ արդեն իսկ ընդունվում է որպես Հայոց եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան:

Վալերի Մեջլումյանը վստահեցրեց. «Ալավերդիի համար անում ենք անհնարինը: Հաճախ պնդում են, թե ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն փոխում: Այդպես չէ: Իհարկե սպասելիքներ ունենք, եւ կարծում եմ, կյանքի նոր փուլ է սպասում հայությանը: Հավատում եմ, որ հաջորդ տասնամյակը կլինի ավելի առաջատար Հայաստանի եւ հայության համար: Հույս ունենք Թեղուտի հանքավայրում շինարարական աշխատանքների ավարտին երկուսուկես անգամ ավելացնել «Վալեքս խումբ» ընկերության աշխատակիցների քանակը, ներկայում 2500-ն են մեր աշխատակիցները: Հաջողելու դեպքում Լոռու մարզի տնտեսական հզորությունը չի զիջի Սյունիքի մարզի տնտեսական զորությանը»:

Ծրագրածը հաջողելու համար արդեն երկու տարի «Վալեքս խումբ» ընկերությունը քաղաքական կողմնորոշում է ձեռք բերել, փաստեց ընկերության նախագահը եւ ապացույցն էլ մայիսի 9-ին կազմակերպված միջոցառումների մասնակիցների կրծքի շքանշանն էր: Հնգամյա ալավերդցի Էդմոնն էլ ուներ շքանշանից, իր ընկալմամբ որպես պապիկից ստացած նվեր եւ ոստիկանի մեդալ. «Պապիկս ա տվել էս նշանս: Սիրուն ա, ոնցոր միլիցա ըլնեմ, բայց հիմա զինվոր եմՙ տես», ի պատասխան հարցիս Լոռվա բարբառի շեշտով հայտարարեց Էդմոնն ու զինվորական երաժշտության ռիթմով քայլեցՙ փորձելով զինվորի նմանվել:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4