«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆ, «ԲԱՆԱՆՑՆ» ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 350 ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 լավագույն ակումբների ցանկը: Այն ընդգրկում է թիմերի ցուցանիշները 2006 թ. մայիսի 1-ից մինչեւ 2007 թ. ապրիլի 30-ը: Արդեն 8-րդ ամիսն է, ինչ լավագույն ակումբների ցանկը գլխավորում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր իսպանական «Սեւիլիան»:

Նախորդ ամսվա համեմատ զգալի առաջընթաց են ապրել Հայաստանի պատվիրակները` «Փյունիկն» ու «Միկան»: Բացի այդ, 350 ակումբների ցանկում հայտնվել է մեր հանրապետության 3-րդ թիմը` «Բանանցը», որը մինչ այդ 431-րդ տեղում էր: Իսկ այժմ հանրապետության արծաթե մրցանակակիրը 60 գործակցով 335-րդ հորիզոնականում է: Երկրի չեմպիոն «Փյունիկը» 254-րդ տեղից բարձրացել է 190-րդ հորիզոնական 81 գործակցով: Իսկ «Միկան» 73 գործակցով 334-րդ հորիզոնականից տեղափոխվել է 239-րդ տեղը:

Ինչպես եւ նախորդ ցուցակում, այս անգամ էլ ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների թիմերից լավագույնը Դոնեցկի «Շախտյորն» է, որը 166 գործակցով 36-րդ տեղում է: 100 լավագույն թիմերի ցանկում տեղ են զբաղեցրել նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն (45-րդ տեղ), «Սպարտակը» (49-րդ), Կիեւի «Դինամոն» (57-րդ): Հետաքրքրական է, որ «Փյունիկն» առաջ է անցել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների այնպիսի թիմերից, ինչպիսիք են Մոսկվայի «Լոկոմոտիվը», Տաշքենդի «Պախտակորը», Տալլինի ՏՎՄԿ-ն, Պանեւեժիսի «Էկրանասը», «Մոսկվան», Թբիլիսիի «Ամերին», Դնեպրոպետրովսկի «Դնեպրը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Կազանի «Ռուբինը», Զապորոժիեի «Մետալուրգն» ու Խարկովի «Մետալիստը»:

Զգալի փոփոխություններ են կատարվել լավագույն տասնյակում: «Մանչեսթր յունայթեդը» 7-րդ հորիզոնականից տեղափոխվել է 2-րդ տեղ: 3-րդ տեղում «Չելսին» է, որը նախորդ ցուցակում 11-րդն էր: 3 հորիզոնական վեր է բարձրացել «Ռոման»` զբաղեցնելով 8-րդ տեղը: Լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել բրազիլական «Սան Պաուլոն», որը մինչ այդ 13-րդն էր: Իսկ ահա Միլանի «Ինտերը» 2-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական, իսկ «Նյուքասլը» նահանջել է 3 հորիզոնականով` տեղ զբաղեցնելով 9-րդ տեղում:

Ներկայացնում ենք աշխարհի 20 լավագույն ակումբների ցուցանիշները (փակագծում նշված է նախորդ ցուցակում թիմի գրաված դիրքը):

1 (1). «Սեւիլիա»Իսպանիա277
2 (7). «Մանչեսթր յունայթեդ»Անգլիա270
3 (11). «Չելսի»Անգլիա267
4 (4). «Կոլո Կոլո»Չիլի59,5
5 (5). «Միլան»Իտալիա247
6 (2). «Ինտեր»Իտալիա241
7 (8). «Լիվերպուլ»Անգլիա233
8 (11). «Ռոմա»Իտալիա222
9 (6). «Նյուքասլ»Անգլիա221
10 (13). «Սան Պաուլո»Բրազիլիա218
11 (14). «Սանթոս»Բրազիլիա218
12 (16). «Էսպանյոլ»Իսպանիա215
13 (3). «Բարսելոն»Իսպանիա215
14 (9). «Ինտերնասիոնալ»Բրազիլիա211
15 (31). «Օսասունա»Իսպանիա209
16 (18). «Այաքս»Հոլանդիա203
17 (26). «Վերդեր»Գերմանիա203
18 (19). «Տոտենհեմ»Անգլիա202
19 (25). «Ալկմաար»Հոլանդիա00,5
20 (15). «Լիբերտադ»Պարագվայ99,5

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4