Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: «Ուրալի» կազմում «Էլարայի» հետ մրցախաղում հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը: Նրա մրցակիցը հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնան էր: Մրցակիցները 25-րդ քայլին հաշտություն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ թիմերի մրցամարտը:
«Յուժնի Ուրալը» «Պոլիտեխնիկի» հետ մրցախաղն էլ ավարտեց ոչ-ոքի (3-3): Կարեն Ասրյանը սպիտակներով զիջեց Դմիտրի Բոչարովին, իսկ Սմբատ Լպուտյանը ոչ-ոքի խաղաց Իգոր Լիսիի հետ:
Առաջնությունում իր հաղթարշավն է շարունակում «Տոմսկ-400»-ը, որը 7-րդ մրցախաղն էլ շահեցՙ 4-2 հաշվով պարտության մատնելով «Էկոնոմիստին»: «Տոմսկ-400»-ը 14 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 12 միավոր է վաստակել «Ուրալը»: «Էկոնոմիստը», «Էլարան» ու «Յունոստ Մոսկվին» ունեն 9-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ