Ազգային ժողովի ընտրությունները Լոռու մարզի բոլոր 4 ընտրատարածքներում ընդհանուր առմամբ անցել են հանգիստ պայմաններում: Թիվ 29 եւ 30 ընտրատարածքների 13 տեղամասեր մեր այցելությունների ժամանակ այդ մասին հավաստեցին ե՛ւ դիտորդները, ե՛ւ վստահված անձինք:
Նախնական տվյալներով ընտրություններին Լոռու մարզում մասնակցել է ցուցակներում ընդգրկվածների 56-58 տոկոսը: Ընտրատեղամասերի մեծ մասում, քաղաքային համայնքներում շուրջ 3-5 մարդ է քվեարկել դատարանի վճռով:
Մեր այցելած ընտրատեղամասերից միայն մեկում (թիվ 30/30) հայտնաբերվել է մահացած մեկ մարդու անուն, որը հանվել է ցուցակից: Կային տեղամասեր, ուր երկու քվեախցիկ էր տեղադրված եւ քվեարկողների կուտակումներ էին լինում, սակայն տեղամասերի ներսում հազվադեպ էին գերազանցում սահմանված թիվը:
Ընտրատեղամասեր էին այցելում միջազգային դիտորդներ, ովքեր դիտարկումներ են արել նաեւ նախընտրական շրջանում:
Ե՛վ դիտորդների, ե՛ւ ընտրական փորձ ունեցող մարդկանց կարծիքով նախորդի համեմատ մայիսի 12-ի ընտրություններում բավականին առաջընթաց է նկատվում:
Հաշվի առնելով նախընտրական գործընթացները եւ ընտրազանգվածի տրամադրությունը, որոշ վերլուծաբանների կարծիքով մարզում առաջին եւ երկրորդ տեղերը կզբաղեցնեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստանը», իսկ մեծամասնականում կհաղթեն բոլոր 4 ՀՀԿ-ական թեկնածուները:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր