Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի նախագահները երեկ Թուրքմենբաշի քաղաքում համաձայնության են եկել մերձկասպյան գազամուղի կառուցման շուրջը: ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը, Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ընդունված ամփոփիչ հայտարարությամբ երեք պետությունների կառավարություններին հանձնարարել են համաձայնագիր մշակել խողովակաշարի կառուցման ընթացքում համագործակցելու վերաբերյալ:
Համաձայնագրում սահմանվում են նախագծի իրականացման ժամկետները, նախատեսված է տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում, նշվում են գազամուղի կառուցմանն ուղղված համատեղ պարտավորությունները:
Գազամուղը Կասպից ծովի ափովՙ Թուրքմենստանի եւ Ղազախստանի տարածքներով կանցնի Ռուսաստան: Սպասվում է, որ խողովակաշարի կառուցման վերաբերյալ եզրափակիչ համաձայնագիր կստորագրվի մինչեւ 2007 թ. սեպտեմբեր:
Եռակողմ կարեւոր համաձայնագիրն ստորագրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի միջինասիական մեկշաբաթյա «Էներգետիկ» շրջագայության ընթացքում: Նախապես ենթադրվում էր, թե Պուտինն իր երկու պաշտոնակիցներին ընդամենը կփորձի համոզել հրաժարվելու Ռուսաստանը շրջանցող անդրկասպյան խողովակաշարի կառուցումից: Վերջինիս թանկարժեք եւ տարտամ նախագծով ենթադրվում է ընդծովյա խողովակներով թուրքմենական գազը հասցնել Բաքու եւ ապաՙ Վրաստան ու Թուրքիա:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ