ԱԺ պատգամավորական ընտրությունները ոչ միայն քաղաքական եւ օրենսդրական զարգացումների սպասող ընտրողների եւ 14 000 տեղացի դիտորդների (52 կազմակերպություններից) ուշադրության կենտրոնում էին, այլեւ 768 արտասահմանցի դիտորդների (6 միջազգային կազմակերպություններից): Դրանցից 239-ը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ էին:
Նրանց աշխատանքի մանրամասների, ապա եւ նախընտրական եւ ընտրական գործընթացների մասին երեկ առավոտյան 10.30-ին խոսեց ՌԴ-ի ներկայացուցիչ Վ. Ռուշայլոն: Ըստ ԱՊՀ դիտորդների տարածած հայտարարության, 2007 թվականի ԱԺ ընտրությունները, չնայած տեխնիկական թերություններին, գնահատվել են կայացած, անցել են «ազատ, բաց եւ թափանցիկ»: Ավելին, այս ընտրությունները կազմակերպված էին ավելի լավ, քան 2003-ի ԱԺ ընտրությունները, ընտրական օրենսգիրքն էլ էականորեն բարեփոխվել է: Այնուամենայնիվ, հայտարարության մեջ տեղ է գտել նաեւ տեղական քաղաքական կազմակերպությունների այն կարծիքը, թե ընտրական օրենսգրքի առանձին նորմեր հետագա կատարելագործման կարիք ունեն:
ԱՊՀ դիտորդական խմբի նման լավատեսական եզրակացությունը բխել է նրանից, որ նախընտրական եւ ընտրական շրջանում տեղ գտած «տեխնիկական» թերացումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ