«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2007-05-11 | #88, 2007-05-13 | #89, 2007-05-14


«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Բանավեճ-քննարկումՙ հայֆիլմի բեռլինյան հետահայացում

Ինչպես արդեն հաղորդել ենք, մայիսի 5-31-ը Բեռլինի Արսենալ կինոյում անցկացվում է հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, որն ուղեկցվում է բանավեճ-քննարկումներով:

«Կարոտ» անունը կրող բեռլինյան հետահայացը մայիսի 10-ին հանրության ուշադրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի երկուՙ 1967-ին ստեղծած «Հակոբ Հովնաթանյան» եւ 1969-ինՙ «Նռան գույնը» ֆիլմերը:

Հաջորդ ֆիլմը, որ հայտնվելու է դիտապաստառին մայիսի 13-ին, Բագրատ Հովհաննիսյանի 1973-ին նկարահանած «Հնձան»-ն է:

Մայիսի 14-ին, ցուցադրվեց Ֆրունզե Դովլաթյանի 1976-ին նկարահանած «Երկունք» ֆիլմը:

Մայիսի 18-ին, Մայքլ Հակոբյանի 2003-ին նկարահանած «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմի դիտումին կհաջորդի «Հայերի ցեղասպանությունը եւ գերմանական պատասխանատվությունը» թեմայով բանավեճ-քննարկումը:

«Մեր միակ նպատակն է, որ Թուրքիային մինչեւ պատերազմի ավարտը մեր կողմը պահենք, միեւնույնն է, հայերը կկործանվեն, թե ոչ», 1915-ի դեկտեմբերի 17-ին գրառել է Ռայխի կանցլեր Բեթմանն Հոլլվեգը: Գերմանացի հարյուրավոր զինվորներ, սպաներ ու գեներալներ Բոսֆորի ափին ռազմական խորհրդատուներ էին նշանակված: Նրանցից շատերը նացիոնալ սոցիալիզմի բոցաշունչ կողմնակիցներ էին, ինչպես օրինակ Ռուդոլֆ Հյոսը, ով հետագայում Աուշվիցի բնաջնջման ճամբարի հրամանատարն էր:

Որքա՞ն է Ցեղասպանության հանդեպ Գերմանիայի պատասխանատվության չափը: Ցեղասպանություն ու Հոլոքոստ. գերմանական ավանդակա՞ն գիծ:

Ի՞նչ ազդեցություն է թողնում ցեղասպանությունը գերմանական եւ եվրոպական ներկայի վրա:

Վերոհիշյալ հարցերի շուրջ մայիսի 18-ին բանավիճելու են հրապարակախոս, «1915-16 թթ. Հայոց ցեղասպանությունը. գերմանական արտգործնախարարության արխիվային քաղաքական փաստեր» գրքի հեղինակ Վոլֆգանգ Գուստը, Հայկական ուսմանց «Մեսրոպ» կենտրոնի տնօրեն, Յոհաննես Լեփսիուս արխիվի ղեկավար դոկ. պրոֆ. Հերմանն Գոլցը, պատմաբան դոկ. Հիլմար Կայզերը, Մասաչուսեթսի եւ Տորոնտոյի ցեղասպանության ուսումնասիրման Զորյան ինստիտուտի տնօրեն, դոկ. պրոֆ. Վահագն Տատրյանը: Բանավեճը վարելու է դոկ. Րաֆֆի Քանդյանը:

Շաբաթՙ մայիսի 19-ին, կցուցադրվի Սերգեյ Իսրայելյանի 1982-ին նկարահանած «Գիքորը», Վիգեն Չալդրանյանի 1985-ին ստեղծած «Ապրիլ», 1977-ինՙ Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմերը:

Կիրակիՙ մայիսի 20-ին, ցուցադրվելու է Ալբերտ Մկրտչյանի 2000 թվականին նկարահանած «Ուրախ ավտոբուսը», դրանից հետո կինոսիրողներին կներկայացվի 1990-ին Ֆրունզե Դովլաթյանի հեղինակած «Կարոտ» ֆիլմը:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4