«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2007-05-14 | #90, 2007-05-15 | #91, 2007-05-16


ՀՅԴ-Ն ԴԺԳՈՀ ՉԷ ԻՐ ՏԵՂ ՈՒ ԴԻՐՔԻՑ

Մայիսի 12-ին ժողովրդավարությանը մի քայլով ավելի ենք մոտեցել եւ հայաստանաբնակներիս ակտիվ մասնակցությամբ սեփական կամքով իշխանություն ձեւավորելու հնարավորությանն ենք տեր կանգնել ու դրա գիտակցումը դրսեւորել: Համենայնդեպս այդպես է գտնում Հայ հեղափոխական դաշնակցությունը. «ՀՅԴ Ազգային Ժողովի ընտրությունները համարում է կայացած եւ ճանաչում է նախնական արդյունքները»:

Ի վերջո ՀՅԴ-ն ընտրությունները գնահատում է իբրեւ կուսակցության հեղինակության շարունակական աճի դրսեւում:

ՀՅԴ-ն շարունակելու է հին ընկերությունը նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Դրա տակ ոչինչ չկա: Այն համագործակցությունը, որ ունենք նախագահի հետ շարունակելու ենք, որովհետեւ մեր նախագահը, որին պաշտպանել ենք 1998 թվականին, պաշտոնավարելու է մինչեւ 2008 թվականը: Նախագահի հետ համագործակցության բոլոր պարամետրերը, դաշտը ձեւավորված կա եւ դա մենք շարունակելու ենք: Մեր նախընտրական ծրագրերի եւ մոտեցումների շուրջ համագործակցության պատրաստ ենք ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ եւ իհարկե արդեն տեսնում ենք Հանրապետական կուսակցության հետ, որովհետեւ նրա հետ արդեն ճանապարհ ենք անցել եւ կան մեզ միավորող բավական լուրջ խնդիրներ ու մոտեցումների առումով համընկնող տեսակետներ»:

Համագործակցության պատրաստակամություն հայտնելով, ՀՅԴ առկա իրավիճակում կոալիցիայի ձեւավորման հիմքեր չի տեսնում. «Կոալիցիան արհեստական պետք է չլինի: Բոլոր այն դեպքերում, երբ մենք գնացել ենք նման համագործակցության, դա եղել է շատ տրամաբանված, եւ առաջին հերթին ԱԺ պատկերով բացատրված: Հիմա ԱԺ պատկերն այլ էՙ կա մի քաղաքական ուժ, որը կարող է կառավարություն ձեւավորել միանձնյա եւ սա փաստ է», կարծիք հայտնեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ գնահատականով սենսացիոն ոչինչ չպատահեց խորհրդարանի ընտրություններում եւ մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժ ստացավ այն ինչ վաստակել էր ու եթե իրենց իսկ գնահատականով ՀՅԴ վաստակածը կուսակցության հեղինակության աճն էր 180 հազար ընտրողով դրսեւորված, ապա ոմանք ուղղակի արժանի պատիժ գտան: Այս խիստ գնահատականը Վահան Հովհաննիսյանինն է: Նա բավականությամբ ասաց. «Նախ մի մասը պատժվեց հենց տեղում եւ ամենից շատ այն ուժերը, որոնք փրփուրը բերանին խոսեցին արդարության մասին, սակայն իրենց տեղերը հանձնաժողովներում կամ ծախեցին կամ չկարողացան վերահսկողություն իրականացնել: Ով տեղերը ծախեց խորհրդարան չհասավ»: Ինքըՙ ՀՅԴ-ն ներկայում ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն, այլ հնարավոր է եւ անհրաժեշտ, որ դառնա հավասարակշռող ուժ խորհրդարանում, գոնե այդպես վստահեցրեց Վահան Հովհաննիսյանը, նկատի ունենալով խորհրդարան անցած ընդդիմության ավելի արեւմտամետ եւ մեծամասնության ռուսամետ ուղղվածությունները: Իսկ այդ «հավասարակշռողի» կոչումը իրենց ուսերին կրող անձինք դեռ պարզ չէ թե ովքեր կլինեն, քանի որ ՀՅԴ համամասնական ցուցակի 16 հորիզոնականներում չեն բացառվում փոփոխությունները:

Ընտրարշավում, ըստ Հովհաննիսյանի առաջատարներից 20 անգամ պակաս, ըստ Ռուստամյանի բավականին գումար ծախսած ՀՅԴ-ն դեռեւս որեւէ հավակնություն չունի կառավարությունում եւ խորհրդարանի պաշտոններում ներկայություն ունենալու, քանի որ պատկերը դեռեւս պարզ չէ, անգամ խորհրդարանի անվանակոչության համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4