www.internetworldstats.com-ը մատնանշում է նաեւ Հայաստանի «ամենահին եւ ամենապատմական քաղաքակրթություններից լինելը»
Հայաստանում, 2007 թ.-ի մարտի տվյալներով, ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 161 հազար մարդ: Այս մասին տեղեկանում ենք www.internetworldstats.com կայքէջից: Այստեղ հրապարակված են տվյալներ աշխարհի բազմաթիվ երկրներում ինտերնետ օգտագործողների թվի մասին: Համաձայն աղբյուրի, վերոնշյալ 161 հազարը կազմում է Հայաստանի բնակչության 5,5 տոկոսը, իսկ բնակչության թիվը նշված է 2 մլն 950 հազար մարդ: Միաժամանակ հաղորդվում է, թե որքան է կազմել ինտերնետ օգտագործողների թիվը 2000 թ.-ին եւ 2001 թ.-ին: Ըստ այդմ, Հայաստանում 2000 թ.-ին 3 մլն բնակչության թվի պայմաններում ինտերնետ օգտագործողների թիվը կազմում էր 30 հազար մարդ կամ բնակչության 1 տոկոսը: 2001 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 40 հազար մարդ կամ բնակչության 0,5 տոկոսը: Եթե հավատանք այդ ցուցանիշին, ապա 5 տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 11 անգամ:
Մինչ ներկայացնենք, թե ինչպիսին են ինտերնետ օգտագործողների ցուցանիշները մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, նշենք, որ վերոնշյալ կայքում համառոտ տեղեկություններ են տրված Հայաստանի մասին: Դրանցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը «աշխարհի ամենահին եւ ամենապատմական քաղաքակրթություններից է» եւ առաջին ազգն է, որ որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը: Քրիստոնեությունը «որոշիչ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրի եւ ազգային ինքնագիտակցության վրա», ասվում է համառոտ տեղեկատվության մեջ:
Այժմ մեր հարեւանների մասին: Ադրբեջանում, ըստ www.internetworldstats.com-ի, 2006 թ.-ի սեպտեմբերի տվյալներով, ինտերնետից օգտվում է բնակչության 8 տոկոսը կամ 678 հազար մարդ: Մեր հարեւան երկրի բնակչության թվաքանակը նշվում է 8,45 մլն-ը: 2000 թ.-ին Ադրբեջանում ինտերնետ օգտագործողների թիվը կազմել է 12 հազար մարդՙ բնակչության 8,35 մլն թվի պարագայում կամ 0,1 տոկոսը: Հավելենք, որ Ադրբեջանի մասին համառոտ տեղեկատվության մեջ հիշատակվում է այն մասին, որ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը» հռչակել է իր անկախությունը Ադրբեջանից, բայց այն չի ճանաչվել որեւէ երկրի կողմից: Որեւէ մանրամասն Ադրբեջանի պատմության կամ մշակույթի մասին չկա:
Վրաստանի վերաբերյալ տեղեկացվում է, որ 2005 թ.-ի սեպտեմբերի տվյալներով, ինտերնետ օգտագործողների թիվը կազմում է 175 հազար կամ բնակչության 4 տոկոսը: Վրաստանի բնակչության թիվ է նշված 4,4 մլն-ը: Համաձայն վեբ կայքի, 2000 թ.-ին Վրաստանում ինտերնետ էին օգտագործում 20 հազար մարդ, որը, բնակչության նույն թվի պայմաններում, կազմում էր 0,5 տոկոսը:
Հետաքրքրական են նաեւ Վրաստանի վերաբերյալ համառոտ տեղեկատվության մեջ բերվող մեկնաբանությունները: Համաձայն դրանց, Վրաստանը հնադարյան պատմություն եւ մշակութային ժառանգություն ունեցող ազգ-երկիր է: Այն իր մշակույթով, պատմությամբ եւ քաղաքականությամբ համարվում է Եվրոպայի մաս, բայց այդուհանդերձ, երկրի պաշտոնական աշխարհագրական դիրքը համապատասխան է բոլորովին այլ ակունքներին:
Ներկայացնելով այս տվյալները, այնուամենայնիվ, փաստենք, որ տարածաշրջանի երկրներում ինտերնետ օգտագործողների թվի վերաբերյալ տեղեկությունները ճշգրիտ համարել չի կարելի: Մի կողմից տարբեր ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է տարբեր կառույցներում եւ հիմնականում չի համապատասխանում մեկը մյուսին, մյուս կողմիցՙ հնարավոր էլ չէ, որ դրանք ճշգրիտ լինեն, նկատի ունենալով այս ոլորտի առանձնահատկություններն ու տեղեկատվություն ստանալու մեթոդների տարբերությունները: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ «ինտերնետից օգտվողներ» հասկացությունը խիստ պայմանական է: Հնարավոր չէ պարզել, թե տվյալ պետական կառույցում, մասնավոր կազմակերպությունում կամ ընտանիքում քանիսն են օգտվում ինտերնետից: Մեկ բաժանորդը կարող է օգտվել երկու կամ երեք պրովայդերների մատակարարած ծառայություններից եւ ընդհակառակըՙ մեկ ընտանիքում հնարավոր է ունենալ միայն մեկ ընկերության կողմից մատակարարվող ծառայություն, բայց դրանից օգտվեն ընտանիքի, ենթադրենք, 5 անդամները:
Համաշխարհային բանկի (ՀԲ), Հեռահաղորդակցության միջազգային միության, ինչպես նաեւ այս ոլորտում ընդգրկված կազմակերպություններից ստացած նախկին տեղեկություններն այս մասին առնչվում էին 2004-2005 թթ. եւ դարձյալ որոշ հակասություններ ունեին ինչպես միմյանց, այնպես էլ www.internetworldstats.com-ի հրապարակած տեղեկությունների միջեւ:
2004 թ.-ին Հայաստանում ինտերնետից օգտվողների ցուցանիշը տատանվում էր 5-7 տոկոսի միջեւ: ՀԲ կողմից տնային տնտեսությունների հետազոտության տվյալների համաձայն, Երեւանում այդ ցուցանիշը կազմում էր 18 տոկոս, մյուս քաղաքներում` 8 տոկոս, գյուղերումՙ 3 տոկոս: Այսպես թե այնպես, Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվ էր նշվում 3 մլն բնակչությունից 150 հազարը: Դժվար է հավատալ, որ անցած երեք տարիների ընթացքում նրանց թիվն ավելացել է ընդամենը 11 հազարով եւ կազմել 161 հազար:
Վրաստանում, ըստ վերեւում հիշատակված աղբյուրների, ինտերնետից օգտվողների թիվը 2005 թ.-ին նույնն էր, ինչ նշված է www.internetworldstats.com -ումՙ 175 հազար, բայց ընդհանուր բնակչության թիվը նշված էր 5 մլն: 100 բնակչին, ըստ 2003 թ.-ի ցուցանիշների, ընկնում էր 3, 2004 թ.-ինՙ 3,5 ինտերնետից օգտվող:
Ադրբեջանում ինտերնետից օգտվողների թիվը 2003 թ.-ին նշվում էր 100 բնակչիցՙ 4,2-ը կամ 350 հազարըՙ 8 մլն բնակչությունից: Իսկ 2004 թ.-ի համար ինտերնետից օգտվողների ցուցանիշը որոշ գնահատականնեորվ հասել էր 5 տոկոսի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ