«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2007-05-15 | #91, 2007-05-16 | #92, 2007-05-17


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆՙ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ

ԱԺ նիստերի դահլիճից դուրս վարչապետ Սերժ Սարգսյանի ասելիքը կարճ չէր, բայց եւ հստակ էր: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ինքն էլ հակված էր, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնել, որ կառավարությունը միանձնյա թե այլ սկզբունքով ձեւավորելու մասին դեռ վաղ է խոսել, իսկ իր ցանկությունները նույնն են, ինչ մեկ ամիս առաջ. «Ինչքան շատ քաղաքական ուժեր ընդգրկված լինեն կառավարության կազմում, այնքան մեծ կլինի վստահությունն այդ կառավարության նկատմամբ»:

- Փոփոխություններ չե՞ն սպասվում կառավարության կազմում:

- Զարմանում եմ տարօրինակ հետեւության վրա: Իսկ ո՞վ է ասել, թե չի սպասվում: Իհարկե սպասվում է, եւ էական փոփոխություն է սպասվում:

- Դաշնակցությանը պատկերացնո՞ւմ եք: Իրենք կարծես թե չեն ուզում:

- Կարծիքս ասացի եւ ճիշտ չէ այս պարագաներում թե-ով, եթե, ապայով խոսելը:

- Ե՞րբ եք արտահայտելու ապագա նախագահական ընտրություններին ձեր մոտեցումը:

- Իմ մոտեցումն արդեն դրական է: Կարծում եմ, ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունն ունի վստահության լուրջ քվե, եւ եթե կուսակցությունն այդպիսի որոշում ընդունի, ապա, անշուշտ, ես առաջադրվելու եմ:

- Արտահերթ նախագահական ընտրություններ հնարավո՞ր են Հայաստանում:

- Իհարկե ոչ:

- Պարոն վարչապետ, իսկ խորհրդարանից դուրս մնացած ուժերից գործադիրի կազմավորմանը կարո՞ղ են ներգրավվել:

- Այո, հնարավոր է, մենք պատրաստ ենք համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած կարող անհատի հետ:

- Ի՞նչ անուն կտաք նոր կառավարությանը` կոալիցիոն, ազգային համաձայնության:

- Դժվարանում եմ հիմա ասել: Երբ կառավարությունը ձեւավորենք, երբ կազմենք եւ ավարտենք կառավարության ծրագիրը, այն ժամանակ կառավարությանը մի անուն կտանք:

- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն կամ այլ ուժեր չմտան խորհրդարան: Ձեր գնահատականը:

- Գիտեք, գնահատական տալը հիմա դժվար է, բայց համենայն դեպս խորհրդարանն առաձգական չէ եւ 131 տեղ է, այդ տեղերի համար պայքար ընթացավ, եւ այսպիսի արդյունքներ գրանցեցինք: Այնպես որ, նպատակահարմար չեմ գտնում որեւէ գնահատական տալ:

- Պարոն Սարգսյան, նոր պառլամենտը համարում են ՆԱՏՕ-ամետ:

- Չգիտեմ, թե ով է այդպիսի գնահատական տալիս եւ ինչից ելնելով:

- Իսկ որ ռուսական լրատվամիջոցներն ասում են, թե հաղթեց ռուսամետ ուժը, ինչպե՞ս եք վերաբերվում:

- Բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ Հանրապետական կուսակցությունը, ես անձամբ, համարում ենք մեզ պրոհայկական ուժեր, եւ ոչ պրոռուսական, կամ պրոնատոյական, կամ պրոարեւմտյան: Մենք մշտապես աշխատել ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են մեր ժողովրդի անվտանգության խնդիրները լուծելուն, կենսամակարդակը բարձրացնելուն եւ այդ պարագաներում մեզ այնքանով են հետաքրքրել այլ շահերը, ինչքանով այդ այլ ուժերին հետաքրքրել են մեր շահերը:

- Սպասելի՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը խորհրդարան եւ ինչքանով էր դա կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

- Ես ընդհանրապես որեւէ գործողություն այսօր, ընդհանուր գործողությունների մասին է, չեմ համարում, որ կապված է նախագահական ընտրությունների հետ: Որոշում կայացնելու հետ միգուցե կապված է, բայց գործողությունները ես չեմ կապում:

- Ընտրության արդյունքում անակնկալ եղա՞վ Ձեզ համար:

- Ինչպես լսել եք, մի քանի անգամ ես ասել եմ, որ եթե մենք ընտրություններում տանենք 25 եւ ավելի տոկոս, ապա պետք է համարեմ, որ լավ ենք աշխատել: Մենք միշտ համեստ ենք եղել մեր ձգտումների մեջ, եւ հիմա էլ համարում եմ, որ մենք լավ ենք աշխատել: Բնականաբար, գլխապտույտ մեզնից որեւէ մեկը չունի, որեւէ մեկը չի համարում, որ թերություններ չեն եղել: Եվ ընդհանրապես համարում եմ, որ որեւէ երկիր չի կարող ասել, որ իր ընտրահամակարգը կատարելագործված է այնքան, որ չի կարող ասել, թե այլեւս զարգանալու տեղ չունի: Բնականաբար, դժգոհներ լինում են, ամենուրեք միշտ էլ լինում են, եւ դժգոհներ կարող են չլինել միայն, եթե ընտրություններում պարտվողներ չլինեն, եւ մեկ էլ, որ տվյալ երկրի քաղաքացիները 100 տոկոսով, մինչեւ վերջին քաղաքացին, գոհ լինեն իրենց վիճակից: Քանի որ այդպիսի վիճակներ որեւէ տեղ չեն կարող լինել, ապա միշտ էլ դժգոհներ կլինեն: Մենք գոհ ենք ընտրությունների արդյունքից, մենք նշագիծ ունենք, մեր նշագիծը այն է, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովուրդը եւ մեր եվրոպացի գործընկերներն այդ ընտրությունները գնահատեն միջազգային չափանիշներին ամբողջովին համապատասխանող:

- Վարդան Օսկանյանը կմնա՞ արտգործնախարար:

- Կարծում եմ, այո, որովհետեւ դուք շատ լավ գիտեք, որ արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության ոլորտները հանրապետության նախագահի ոլորտներն են: Դա մեկ, եւ երկրորդ, ի՞նչ առիթ, հիմքեր ունենք այդ մասին խոսելու, կամ մտածելու:

- Հայաստանի խորհրդարանի ընտրությունը բացո՞ւմ է Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատուհանը:

- Ես որեւէ անգամ որեւէ պատուհանի մասին խոսե՞լ եմ արդյոք:

- Վկայակոչում ենք արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքը:

- Դուք ինձ վկայակոչեք, որովհետեւ ինձ հետ եք խոսում: Բազմիցս ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցությունները միշտ էլ կարող են տեղի ունենալ, անկախ որեւէ ընտրությունից:

Այդուհետեւ ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ չգիտի, թե երբ է հնարավոր հասնել խաղաղության համաձայնագրի եւ կլինի՞ դա արդյոք 2007 թվականին, քանի որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այդ մասին չեն խոսում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4