89 պատգամավոր գրանցվեց, 87-ըՙ կողմ քվեարկելով միաձայնություն ապահովեց կառավարության ծրագիրը հավանության արժանացնելու հարցում երեկ կայացած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Եվ հավանությունն այդ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, զուտ տեխնիկական խնդիր չէՙ ունի նաեւ խորհրդանշական բնույթ, քանի որ հավանության արժանացած ծրագիրը 2003 թվականին ձեւավորված կառավարությանն է եւ արդյունավետության հիմք:
Պատգամավորները հարց չունեին վարչապետ Սերժ Սարգսյանին, բնականաբար, քանի որ հաստատվածը Անդրանիկ Մարգարյանի կառավարության ծրագիրն է, ժամանակին արդեն իսկ հավանության արժանացած: Սերժ Սարգսյանի ասելիքն էլ ԱԺ ամբիոնից կարճ էր ու հստակՙ հավանություն արտահայտել: Ինչն էլ ի կատար ածվեց մինչեւ նոր ձեւավորվելիք կառավարության ծրագրի հայտնությունը: Արտահերթ նիստում, որը կարելի է անվանել նաեւ երախտիքի ցերեկույթ, ի թիվս պատմության գիրկն անցնող երրորդ գումարման ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհակալությունների, հնչեցին նաեւ գոյությունն արդեն օրերով հաշվող ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի երախտիքի խոսքերը գործընկերներին, ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ