Խորհրդարանական ընտրություններում 6,8 տոկոս ձայն ստացած «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններն իրենք բողոքարկելու են Սահմանադրական դատարանում (ՍԴ)ՙ պահանջելով վերահաշվարկ: Կուսակցության այս քայլը նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեկնաբանում է, որ իրենք 4 հարյուր տեղամասերում տարատեսակ ընտրախախտումներ են արձանագրել: ՕԵԿ ղեկավարն ընդգծեց, որ ընտրախախտումների մասին ինքը խոսում է փաստերովՙ կոնկրետ տեսանկարահանված նյութերով, որոնք պատրաստվում են ներկայացնել դատարան: «Հայաստանում ընտրություններից մեկ օր առաջ տեղի է ունեցել զանգվածային ընտրակաշառքի բաժանում, որն էլ իրավիճակի մեծ փոփոխություն է մտցրել», հայտարարեց Արթուր Բաղդասարյանըՙ միաժամանակ զարմանալով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրակաշառքների վերաբերյալ իրենց դիմում-բողոքին պատասխանել է, որ ստուգումներով իրենք ընտրակաշառքի որեւէ դեպք չեն արձանագրել:
Արթուր Բաղդասարյանի խոսքով սակայն, չնայած «երկրում աստղաբաշխական գումարներ են բաժանվել», դրական երեւույթներ էլ են արձանագրվել: Դրականը, ըստ նրա, ընդդիմության 450 հազար ձայն ստանալն էՙ ընդդիմության չմիավորվելու պարագայում: ՕԵԿ ղեկավարը դրական է համարում նաեւ, որ հիմնականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին ուժային կառույցները չեն ճնշել:
Ընդդիմության հետ ՕԵԿ-ի հնարավոր միավորման առնչությամբ ՕԵԿ նախագահն ասաց, որ իրենք երբեք չեն հերքել հանրահավաքային պայքարն, ավելինՙ ընդդիմության ուրբաթ օրվա հանրահավաքին կոչով կմասնակցի ՕԵԿ ներկայացուցիչը, բայց առայժմ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմության հետ կարող են միասնաբար աշխատելՙ ՍԴ ընտրակեղծիքները ներկայացնելու գործում: Ինչ վերաբերում է համախմբվելունՙ ընդդեմ ՀՀԿ-ի, Ա. Բաղդասարյանն ասաց, որ իրենք ոչ մեկի դեմ չեն համախմբվում, այլ համախմբվում են երկրում անօրենության դեմ պայքարելու համար: Իսկ ընդհանրապես, Ա. Բաղդասարյանը կարծում է, որ քաղաքական դաշտում բոյկոտը լավ տարբերակ չէ:
Լրագրողները Արթուր Բաղդասարյանից փորձեցին ճշտել, թե ինչպես են իրենք վերաբերվում Սերժ Սարգսյանիՙ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու առաջարկին եւ արդյոք նրանց արվե՞լ է նման առաջարկ: ՕԵԿ առաջնորդը պատասխանեց, որ իրենք այսօր ընդդիմություն են, իրենց նման առաջարկ չի արվել եւ չեն էլ ցանկանում, որ արվի: Օտարերկրյա լրագրողի հետաքրքրությանը, թե ՕԵԿ առաջնորդն ինչպես է վերաբերվում արեւմտյան մամուլում իր մասին գրված հոդվածներին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ իր համար դրական են այդ հոդվածները, բացի այդ. «Ես երբեք չեմ թաքցրել, որ մեր քաղաքական կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանի հետեւողական ինտեգրումն է եվրոպական կառույցներին եւ Եվրոպական միությանը»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ