«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2007-05-15 | #91, 2007-05-16 | #92, 2007-05-17


ՖԻՐԴՈՒՍՈՒ ՄԵԾԱՐՄԱՆ ՕՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունն ու Իրանի մշակույթի տունը գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի հետ համատեղ երեկ կազմակերպել էին Իրանի մեծ բանաստեղծ, էպոսագիր Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսու մեծարման ու նրա ծննդյան 987-ամյակին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը, ԻԻՀ մշակույթի խորհդրական Ռեզա Աթուֆին, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ ուրիշներ:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը նկատեց, որ Ֆիրդուսու անունը մեր գիտակցության մեջ ոչ միայն թումանյանական հայտնի տողերի արդյունքում է հայտնվել, այլեւ շատ ընդհանրություններ կարելի է գտնել մեր էպոսիՙ «Սասնա ծռերի» եւ Իրանի էպոսիՙ Ֆիրդուսու հեղինակած «Շահնամեի» միջեւ: Նա շեշտեց, որ գրականության ոլորտում հայ եւ իրանցի ժողովուրդների ընդհանրությունները շատ են, ուստի արժե համագործակցելՙ երկկողմ առնչություններն ուսումնասիրելու համար: Լեւոն Անանյանն էլ հայտնեց, որ այս տարի ԳՄ նախաձեռնությամբ տպագրվելիք աշխարհի էպոսների մատենաշարում հատվածներ կտպագրվեն նաեւ Ֆիրդուսու «Շահնամե»-ից:

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին ներկայացնելով իրանցի բանաստեղծին, հիմնականում կանգ առավ նրա «Շահնամե» էպոսի վրա: Խորասան նահանգի Փաժ գյուղում ծնված էպոսագիր Ֆիրդուսին «Շահնամեն» սկսել է գրել 35 տարեկանումՙ շուրջ 30 տարի նվիրելով «Շահնամեի» կերտմանը: Ինչպես ներկայացրեց Ռեզա Աթուֆին, «Շահնամեն» անզուգական էպիկական մի ստեղծագործություն է, որտեղ հնարավորինս գեղեցիկ եւ իմաստավոր կերպով պատկերվում է Իրանի հնագույն պատմությունը, որտեղ պահպանվել, վերակենդանացել եւ կրկին ներկայանում են բոլոր պատմական կերպարներն ու էպիկական հերոսները: «Շահնամեն» մինչ այսօր թարգմանվել է աշխարհի ավելի քան 30 լեզուներով, իսկ նրա ձեռագիր օրինակներին կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ ճանաչված թանգարաններում, այդ թվում նաեւՙ Մատենադարանում:

Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմանուշ Կոզմոյանը ներկայացնելով Ֆիրդուսունՙ նկատեց. «Իրանցիները «Շահնամեի» մասին ասում են. «Չի կարելի գրկել անընդգրկելին»:

Իրանցի բանաստեղծի մասին մեծարման խոսք ասացին նաեւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Լաուրա Շեխոյանը, Հ. Աճառյան համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Վրեժ Փարսադանյանը, «Միհր» հանդեսի գլխավոր խմբագիր Հովհաննես Գրիգորյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գեւորգյանը: Վերջում ուսանողներն ընթերցեցին Ֆիրդուսու ստեղծագործություններից:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4