Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում երեկ հանդիսավոր պայմաններում բացվեց 60-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակին` «Արմավենու ոսկե ճյուղին» այս տարի հավակնում է 22 ֆիլմ:
Փառատոնը բացվեց հոնկոնգցի կինոբեմադրիչ Վոնգ Կարվայի «Հապալասի գիշերներս» ֆիլմով: Մրցութային ծրագրում կա ռուսական 2 ֆիլմ` Ալեքսանդր Ասկուրովի «Ալեքսանդրան» եւ Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսումը»: Իսկ փառատոնում քանիցս մրցանակի արժանացած Պավել Լունգինը գլխավորում է «Ոսկե խցիկ» ճյուղային ժյուրին:
Մրցութային ֆիլմերի ընտրությունը հազարից ավելի նոր ֆիլմեր դիտելուց հետո կատարել է փառատոնի գեղարվեստական խորհուրդը: Խստագույն ընտրության հետեւանքով այս տարի մրցութային ծրագրից դուրս են մնացել իտալական ֆիլմերը, լատինամերիկյան կինեմատոգրաֆը փաստորեն բացակա է:
Ամերիկացի բեմադրիչ Գաս Վան Սենթը փառատոնին մասնակցում է «Պարանոիդ զբոսայգի» ֆիլմով, Քվենտին Տարանտինոն ներկայանում է «Մահվան հաստատում» նոր գործով, Ջեյմս Գրեյը` «Գիշերը մերն է», Դեւիդ Ֆինչերը` «Կենդանակերպ» ֆիլմերով:
Քոեն եղբայրները փառատոնին մասնակցում են արդեն 7-րդ անգամ: Այս տարի նրանք Կանն են բերել «Ծերուկների համար երկիր չկա» աշխատանքը:
Ֆրանսիացիները մրցույթին ներկայացրել են 3 ֆիլմ: Դրանք են Քրիստոֆ Օնորեի «Սիրո երգը», Կատրին Բրեյնի «Հին սիրուհին» եւ Ժյուլիան Շնաբելի «Սուզակազգեստն ու թիթեռը»:
Հիմնական ծրագրում են նաեւ Էմիր Կուստուրիցայի «Խոստացիր ինձ դա» եւ Կիմ Կի Դուկի «Շնչառություն» ֆիլմերը: Մարջանե Սատրապիան եւ Վենսան Պարոննոն ներկայացրել են «Պերսեպոլիս» լիամետրաժ մուլտֆիլմը:
Ժյուրին գլխավորում է «Թագուհի» ֆիլմի հեղինակ Սթիվեն Ֆրիրզը: Նրա օգնականներն են թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ավստրալացի դերասաններ Թոնի Քոլեթը, հայտնի կինոբեմադրիչներ Մարկո Բելոչիոն եւ Միշել Պիկկոլին, ինչպես նաեւ երիտասարդ աստղեր Սառա Պոլլին եւ Մեգգի Չունը:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ