«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2007-05-15 | #91, 2007-05-16 | #92, 2007-05-17


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 19-ին Եկատերինբուրգում կմեկնարկի շախմատի աշխարհի կանանց թիմային անդրանիկ առաջնությունը: Սա ՖԻԴԵ-ի միջազգային օրացույցում նոր մրցաշար է եւ այսուհետեւ անցկացվելու է չորս տարին մեկ անգամ: Շախմատասերներին լավ հայտնի է, որ տղամարդկանց նմանատիպ մրցումներ վաղուց են անցկացվում:

Աշխարհի անդրանիկ առաջնությանը կմասնակցեն 10 թիմեր, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 5 շախմատիստուհիներ, որոնցից 4-ը կմասնակցեն տուրի հանդիպմանը, իսկ մեկը կլինի պահեստային: Այս օրերին Հայաստանի կանանց հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում` նախապատրաստվելով աշխարհի առաջիկա առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը թիմի կազմում ընդգրկել է Էլինա Դանիելյանին (2424), Լիլիթ Մկրտչյանին (2424), Նելի Աղինյանին (2263), Սիրանուշ Անդրեասյանին (2252) եւ Լիանա Աղաբեկյանին (2213):

Մեր թիմի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Լեհաստանի, Չեխիայի, Գերմանիայի, Վիետնամի եւ Բոտսվանայի հավաքականները: Ինչ խոսք, մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի: Անկասկած, հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը Ռուսաստանի հավաքականն է: Թիմի կազմում ընդգրկված են Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ելենա Թահիրովան, Եկատերինա Կորբուտը եւ Եկատերինա Կովալեւսկայան: Ինչպես միշտ, ուժեղ կազմ ունի Չինաստանի ընտրանին: Վրաց շախմատիստուհիներն էլ, որոնց կազմում են Մայա Չիբուրդանիձեն, Լելա Ջավախիշվիլին, Նինո Խուրցիձեն, Սոֆիկո Գվետաձեն եւ Սոֆիկո Խուխաշվիլին, կլինեն մրցանակային տեղերի համար պայքարողների թվում:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: 1-ին տուրը կկայանա մայիսի 20-ին, իսկ նախորդ օրը կանցկացվի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մայիսի 29-ին կկայանա մրցաշարի ավարտական` 9-րդ տուրը, որի արդյունքներով էլ կորոշվեն աշխարհի անդրանիկ առաջնության մրցանակակիրները:

Առաջին 40 քայլերի համար մրցակիցներին կտրամադրվի 90 րոպե, հետագայում` եւս 30 րոպե կհատկացվի` յուրաքանչյուր կատարած քայլի համար ավելացնելով 30 վրկ: Մրցախաղում գրանցված հաղթանակի համար թիմը կստանա 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1: Հաղթողը կորոշվի վաստակած առավելագույն քանակի միավորներով: Հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի այն թիմին, որը բոլոր պարտիաներում վաստակած ավելի շատ միավոր կունենա:

Առաջնության հաղթող թիմը կպարգեւատրվի հատուկ գավաթով, իսկ թիմի անդամները կարժանանան ոսկե մեդալների: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներով: Սահմանված են նաեւ անհատական մրցանակներ տարբեր խաղատախտակների վրա լավագույն արդյունքի հասած շախմատիստուհիների համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4