Կառավարությունը երեկ հաստատել է 2007- 10 թթ. համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման չափաքանակները: Մինչ որոշումը ներկայացնելը բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հայտնեց, որ օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը սահմանափակելու մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է 1985 թ.- ին Վիեննայում, իսկ 1987 թ.- ին Մոնրեալում ընդունվել է եզրափակիչ արձանագրություն: Հայաստանը 1999 թ.- ին միացել է Մոնրեալի արձանագրությանը, պարտավորվելով սահմանափակել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումն ու արտադրությունը:
Սիմոն Պապյանը հայտնեց, որ օզոնային շերտը քայքայող հիմնական նյութերն են ֆրեոնները, որոնք օգտագործվում էին սառնարանային տնտեսության մեջ, հալոնները, որոնք առկա են կրակմարիչների մեջ, եւ աերոզոլներըՙ օծանելիքների մեջ: Ըստ փոխնախարարի, այդ նյութերի ներմուծման չափաքանակն առաջիկա երեք տարիների համար պետք է չգերազանցի 29,5 տոննան յուրաքանչյուր տարվա ընթացքում, իսկ 2010 թ.- ից այդ նյութերն ընդհանրապես չպետք է ներմուծվեն:
Անհատական չափաքանակները որոշում է բնապահպանության նախարարությունը: Տնտեսվարողը պետք է ներկայացնի համապատասխան հայտը եւ իրավաբանական գրանցման վկայականը, որից հետո նախարարությունը 30 օրվա ընթացքում պետք է որոշում կայացվի: Կախված այն բանից, թե որքան ընդհանուր չափաքանակ է մնացել, նախարարությունը կարող է որոշել ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել հայտը: Հայտը կարող է նաեւ մերժվել, եթե չափաքանակներն արդեն սպառվել են եւ եթե այդ ապրանքները ներմուծվում են Մոնրեալի արձանագրությանը չմիացած երկրից:
Բնապահպանության փոխնախարարը հայտնեց, որ ժամանակակից արտադրության սառնարանները, օդափոխիչները եւ այլ սարքերը չունեն ֆրեոններ, դրանք կան խորհրդային արտադրության սարքավորումների մեջ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ