«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2007-05-18 | #94, 2007-05-19 | #95, 2007-05-22


«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ն ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ...

Արդեն անցյալ ժամանակով (եւ փառք Աստծո) կարելի է խոսել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների մասին: Ով կամ ինչպես ստացավ ընտրապայքարի «գրան-պրին»ՙ պատգամավորական մանդատը, մի կողմ թողնենք, նշելով սակայն, որ «ինչպես»-ն, ըստ միջազգային դիտորդների, այնքան էլ հեռու չէր եվրոպական չափանիշներից: Գնահատական, որը լավ կլիներ չսասանվեր հետընտրական քննարկումների, բողոքարկումների, իրենց պարտությունը լոկ մրցակիցների թույլ տված կեղծիքներով արդարացնելու ջանքերի հետեւանքով: Ճիշտ է, տխուր է, որ այլ երկրներ պետք է որոշեն, թե մենք որքանով ենք ժողովրդավար, ըստ իրենցՙ ոչ վայրենի, բայց դե երեւի Հայաստանը չէ, որ պետք է փորձի փոխել «Ժողովրդավարություն, ազատականություն» ու եսիմ էլ ինչ բառերով վերնագրված միջազգային խաղի կանոնները: Ինչու խա՞ղ, քանի որ ակնհայտ է, վերոնշյալ հասկացություններն ի չիք ու անպետք են դառնում, երբ աշխարհի որեւէ անկյունում դույզն-ինչ փորձ է արվում ոտնահարելու ուժեղի (զարգացած, հզոր երկրի) շահերը: Նժդեհյան «Ուժն է ծնում իրավունքը» դեռ այնքա՜ն այժմեական է...

Բայց վերադառնանք մեր ներքին խոհանոցին, մեր դարդ ու ցավին, ինչպես կասեր ժողովուրդը: Ուշադրություն դարձրեցի՞ք վերջին բառի վրաՙ «ժողովուրդ»: Բառ, որը հատկապես նախընտրական շրջանում օգտագործվեց բազմաթիվ այլ բառերի փոխարեն: Դե իհարկե, դժվար է պատկերացնել, որ միտինգի կամ հերթական կուսակցության հերթական բացօթյա հավաքի ժամանակ հերթական հռետորն ամբիոնից դիմեր հավաքվածներին «Միտինգի հարգելի մասնակիցներ», «Հարգարժան միամիտ հայրենակիցներ», «Սիրելի բերման ենթարկվածներ» կամ մեկ այլ արտահայտությամբ: Դրանց փոխարեն ու միանգամիցՙ «Սիրելի ժողովուրդ»: Ու այդ «սիրելի ժողովուրդն» էնքան հնչեց տարբեր հարթակներից, ամբիոններից, ականջ սղոցեց հեռուստացույցով ու ռադիոյով, «թառեց» բազմազան ու հսկայաքանակ բուկլետների, բրոշյուրների ու ընտրապաստառների ճակատին, որ այդ ժողովրդի մաս կազմող մարդիկ արդեն (ու վաղուց) չեն էլ ուզում ժողովուրդ կոչվել, թեկուզՙ սիրելի, արդեն սիրված կամ ընտրությունից ընտրությունՙ «սիրվելիք»: Հատկապես որ պատգամավորական մանդատի տեսքին կարոտ մնացած որոշ ճառախոսների շուրթերին «սիրելի ժողովուրդը» վերափոխվել-դարձել է «երախտամոռ», «շահամոլ», «հեշտ կաշառվող», «ձայն ծախող», «կարճամիտ», «վախկոտ», «իր լավն ու վատը չհասկացող» (Խորենացու «Ողբամ զքեզ...»-ը հիշեցի՞ք) ու չգիտեմ էլ ինչպիսին, բայց ամեն դեպքումՙ ժողովուրդ:

Գուցե արժե քննարկման առարկա դարձնել հարցըՙ ո՞վ կամ ովքե՞ր են իրավասու օգտագործելու «ժողովուրդ» բառը: Գուցե արժե՞ հիշել-հիշեցնել, որ հայերենի ճոխ ու հարուստ բառադարանում մարդկանց հավաքականությունն արտահայտող ու կոչական դարձող բազմաթիվ բառեր կան, սկսած «մասնակիցներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ունկնդիրներ»-ից մինչեւ խումբ, խաժամուժ ու ամբոխ: Եվ այդ բոլորի փոխարեն տեղի-անտեղի չարչրկել «ժողովուրդը», երբ կարծես թե չկա մեկը, որ իրավունք ունենա երկրի ներսում հանդես գալու այդ նույն ժողովրդի անունից, թե՛ հոգնեցուցիչ է, թե՛ վիրավորական, թե՛ անհասկանալի, թե՛ ծիծաղելի... Արտասվելու չափ...

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4