Արտահանումն ավելանում է, բայց զգալիորեն զիջելով ներմուծման աճին
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի տնտեսական աճը դարձյալ կազմել է 11,1 տոկոս: Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում աճի ցուցանիշը գրեթե նույնն էրՙ 11 տոկոս: Դարձյալ առաջին եռամսյակում արձանագրված արդյունաբերության աճի միտումը թեեւ պահպանվել է, բայց տեմպը նվազել է: Առաջին եռամսյակում արձանագրված 4,3 տոկոսի փոխարեն առաջին 4 ամիսներին արդեն արդյունաբերական ընդհանուր արտադրանքի աճը կազմել է 1,7 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազմամբ 2,3 տոկոսով, որի հետեւանքով առանց էլեկտրաէներգիայի արդյունաբերության արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 0,2 տոկոսով: Սակայն արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց ադամանդի արտադրության ավելացել է 7,8 տոկոսովՙ գրեթե այնքան, որքան առաջին եռամսյակում:
Վերջին թիվը նշանակում է, որ այդուհանդերձ, շարունակվում է արդյունաբերության դիվերսիֆիկացիան, կախվածությունը մեկ ճյուղից նվազում է եւ զարգանում են մյուս ճյուղերը, մասնավորապես քիմիան, սննդարդյունաբերությունը եւ հանքարդյունաբերությունը: Սակայն, ցավոք, այս ցուցանիշը նաեւ նշանակում է, որ շարունակվում է անկումը ադամանդագործության մեջ:
Տնտեսության մյուս ճյուղերից գյուղատնտեսության արտադրանքի ծավալները չնչին աճ են արձանագրելՙ 0,7 տոկոսով, հակառակ որի մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով: Աճի բարձր տեմպ է արձանագրվել ծառայությունների ոլորտումՙ 16 տոկոս: Արտառոց է շինարարության մեջ արձանագրված փոքր աճըՙ 6,4 տոկոս: Մինչդեռ հունվար-մարտ ամիսներին, շինարարությունում արձանագրվել էր 16,4 տոկոս աճ: Այստեղ ձեւավորված սպասողական տրամադրությունների առկայությունը թերեւս պայմանավորված է եղել նախընտրական տրամաբանությամբ: Կարելի է ակնկալել, որ, այնուամենայնիվ, շինարարության ծավալների աճը առաջիկայում կշարունակվի:
Միջին ամսական աշխատավարձը 2007 թ.-ի առաջին 4 ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել է 18,3 տոկոսով եւ գերազանցել 70 հազար դրամը: Բյուջետային ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 51,5 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ գրեթե 88 հազար դրամ: Դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 2,1 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են 42,2 տոկոսով, գումարային առումով գերազանցելով 1 մլրդ դոլարը եւ հասնելով գրեթե 1,2 մլրդ դոլարի: Արտահանումը Հայաստանից կազմել է 323 մլն դոլար, որը 27,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա առաջին 4 ամիսներին էր: Ներմուծել ենք 870 մլն դոլարի ապրանքներ, որը 48,8 տոկոսով ավելի է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը խորացել է, կազմելով 547 մլն դոլար: Հիշեցնենք, որ արտահանման եւ ներմուծման տարբերությունը առաջին եռամսյակում հօգուտ ներմուծման 414 մլն դոլար էր: Սա նշանակում է, որ ներմուծումն արտահանման նկատմամբ ավելանում է առաջանցիկ տեմպերով: Արտահանման-ներմուծման հարաբերակցության այս ցուցանիշների համատեքստում փոքր ինչ մխիթարական է առանց ադամանդի արտադրանքի արտահանման աճի բարձր տեմպը, որը կազմել է 44,4 տոկոս: Իսկ առանց ադամանդի ներմուծումն ավելացել է գրեթե 59 տոկոսով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ