Ֆրանսիան եւ ֆրանսիացիները Հայաստանի եւ հայերի մասին
Առիթ ունեցել ենք նշելու, որ ֆրանսիացիները բավականին հանդուրժող են այլ ժողովուրդների եւ նրանց մշակույթի նկատմամբ: Իսկ երբ նույն մոտեցումն են տեսնում նաեւ հակառակ կողմից, ապա հանդուրժողականությանն ավելանում են հարգանքն ու ակնհայտ բարյացակամ վերաբերմունքը տվյալ ժողովրդի հանդեպ: Այդ առումով պատահական չէ, որ Ֆրանսիայում բավականաչափ դրական վերաբերմունք գոյություն ունի հայերի նկատմամբ: Դրա գլխավոր պատճառը տեղի հայկական համայնքն է:
Ֆրանսահայ համայնքը խիստ ինտեգրված է ֆրանսիական հասարակությանը, մեծ ներդրում ունի այդ երկրի տնտեսության, մշակույթի եւ այլ ասպարեզներում, ճանաչված է որպես հնագույն քաղաքակրթություն կրող ժողովրդի մի մասնիկ: Մի խոսքով, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, որտեղ հասարակության կողմից (որոշ բացառությամբ) հայերի նկատմամբ հիմնականում բացասական վերաբերմունք կա եւ մեզ չեն տարբերում այսպես կոչված «կովկասյան ազգության» անձերից, Ֆրանսիայում այդ երեւույթի անգամ հեռավոր նմանությունը գոյություն չունի: Հայերն այստեղ հայեր են:
Ընդհանրապես հայկական համայնքի գործոնին հաջորդում է Ֆրանսիայում հանրահայտ հայերի գործոնը, որտեղ առաջինը մեր մեծ հայրենակցիՙ Շառլ Ազնավուրի համընդհանուր ճանաչվածությունն էր: Օրինակՙ ռեստորանի տնօրենը, որտեղ պետք է ճաշեինք, իմանալով, որ հայեր ենք, ուրախացավ, հիշեց Ազնավուրին եւ սկսեց երգել նրա «Մամա» երգը:
Ֆրանսիայում հայերի նկատմամբ դրական վերաբերմունքն էլ ավելի է մեծացել շնորհիվ այդ երկրում անցնող Հայաստանի տարվա: Ստիպված ենք դարձյալ համեմատել Ռուսաստանի հետ, որտեղ անցկացված Հայաստանի տարին այդպես էլ չհասավ մինչեւ «ներքեւ»ՙ ժողովրդին: Ֆրանսիայում Հայաստանի տարում իսկապես աննախադեպ միջոցառումներ կազմակերպվեցին: Մասնավորապես, մի քանի ամսվա ընթացքում ամբողջ Ֆրանսիայի տարածքում անցկացվեցին ավելի քան 850 միջոցառումներՙ ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, ցուցադրություններ եւ այլն: Ֆրանսիական եւ այլ երկրների լրատվամիջոցներում 2000-ից ավելի հոդվածներ հրապարակվեցին այդ մասին:
Անհնար է թվարկել բոլոր միջոցառումները, բայց արժե հիշատակել աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկումՙ Լուվրում կազմակերպված «Սակրա Արմենիա» («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում էին Հայաստանի պատմության թանգարանից եւ Էջմիածնի Մայր տաճարից բերված եզակի ցուցանմուշները եւ հայկական խաչքարեր: Շնորհիվ միայն այդ ցուցահանդեսի օրական հազարավոր այցելուներ ունեցող Լուվրում Հայաստանի մասին ավելի շատ ֆրանսիացիներ ու տարբեր երկրներից այստեղ այցելած զբոսաշրջիկներ իմացան, քան երեւի վերջին մի քանի տասնամյակում էին աշխարհում իմացել մեր մասին: Մենք տեսանք, թե ինչպես էին ֆրանսիացի երկու տարեց կանայք հուզմունքից արտասվում հայկական խաչքարերին նայելիս: Մինչդեռ մեր մտավորականները, հիշեցնենք, դիմել էին երկրի նախագահին, առաջարկելով արգելել հայկական մշակութային արժեքների, այդ թվում խաչքարերի տեղափոխումն ու ցուցադրությունը Ֆրանսիայում:
Ի դեպ, Լուվրի «Սակրա Արմենիա» ժամանակավոր ցուցասրահի աշխատակիցներից մեկն անմիջապես ճանաչեց, որ մենք հայեր ենք եւ իր անկեղծ հիացմունքն արտահայտեց ներկայացված ցուցանմուշներից: Այդ պահին մյուս բոլոր այցելուներն օտարազգիներ էին: Լուվրի մեկ այլ սրահում, որտեղ ցուցադրվում էր Վեներայի արձանը եւ որն արգելվում էր լուսանկարել, տեղի աշխատակիցը մոտեցավ մեզ եւ հարցրեց, թե հայե՞ր ենք: Մի պահ կարծեցինք, թե դիտողություն պետք է անի արձանը լուսանկարելու փորձի համար, սակայն, ի զարմանս մեզ, իմանալով, որ հայեր ենք, ժպտաց եւ թույլ տվեց լուսանկարել: Ապա շարունակեց, ասելով, որ շատ բան գիտի Հայաստանի մասին, որ Լուվրում ինքը տեսել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ֆրանսիացի հասարակ ժողովրդի ջերմ վերաբերմունքն առավել ակնառու զգացինք գինու վաճառքով զբաղվող «Նիկոլա» խանութներից մեկում: Խանութի աշխատակից տղամարդն, առաջարկելով իր օգնությունը գինի ընտրելու հարցով, հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք: Երբ ասացինք հայեր ենք եւ Հայաստանից, նա հուզվեց եւ ասաց, որ ինքն անչափ սիրում է հայերին: Հարցրեցինք, իսկ հայերեն հասկանո՞ւմ եք, նա բառացիորեն հետեւյալը պատասխանեց. «Ես հայերին սրտով եմ հասկանում»:
Անշուշտ, չենք կարող ասել, թե Ֆրանսիայում առանց բացառության բոլորը սիրում են հայերին, բայց մեր ժողովրդի նկատմամբ հիմնականում դրական տրամադրվածությունն այս երկրում ակնառու է, եւ դա երեւում է ոչ թե պետական մակարդակով կամ որպես «ռազմավարական գործընկերության» դրսեւորում, այլ հասարակ մարդկանց հետ շփումների ժամանակ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Փարիզ-Լիոն-Երեւան