Իսկ Ադրբեջանում փակում, խուզարկում են խմբագրություններ
Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ադրբեջանական մամուլի հետ, թերեւս մտահոգեր ուզածդ հանրապետություն որակվող երկրի ղեկավարությանը: Ավելին, մտահոգության, անգամ բողոքի իրենց ձայնը լռությամբ չէին փոխարինի նաեւ միջազգային կառույցները, եթե, օրինակ, լրագրողների հանդեպ բռնությունների որեւէ դրսեւորում տեղ գտնի աֆրիկյան երկրներից մեկում: Մինչդեռ նավթային իրողությունները կարծես Ադրբեջանում տեղի ունեցողը «կուլ տալու» են պարտադրում նաեւ խոսքի ազատության ամենամոլի ջատագովներին:
Այն, որ փակվեցին ընդդիմադիր համարվող երկու թերթ, բնավ էլ նորություն չէ ադրբեջանական իրականության համար ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան իրողությունների պարագայում: Ամեն դեպքում, երեկ «Ռեալնի Ազերբայջան» եւ «Գյունդելիկ Ազերբայջան» թերթերի խմբագրություններում խուզարկություններն ու սարքավորումների բռնագրավումը բնավ էլ վերջին վատ լուրերը չէին: Խուզարկություն է անցկացվել նաեւ փակված թերթերից մեկի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի բնակարանում` եղած նկարների եւ փաստաթղթերի մանրազնին ուսումնասիրությամբ:
Վերջերս հայկական կողմ անցած եւ ապա վերադարձած զինվորներին հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտող Ադրբեջանում Ֆաթուլաեւին մեղադրում են ահաբեկչության կոչեր անելու, իբր հայկական հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Եվ այդօրինակ իրականության ներկայացուցիչ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսում է ադրբեջանական ժողովրդավարության հաջողություններից, բնականաբար ղարաբաղյան հակամարտությունից, անգամ հայաստանյան ընտրություններից` «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում:
Ինչեւէ, մեր ընտրություններից առանձնակի սպասումների բացակայության մասին վկայելով` Մամեդյարովը, թերեւս ավելի շատ ասելիք-ուղերձ-շանտաժն ուղղելով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կրկին հայտարարում է Ադրբեջանի դիրքորոշման մասին` ամեն ինչ մինչեւ ԼՂ կարգավիճակը ադրբեջանական ցանկությամբ իրագործելու տարբերակով:
Միեւնույն ժամանակ, մոռացության տալով նույն համանախագահների կոչ-հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը այլ ձեւաչափեր ու կառույցներ տեղափոխելու ոչ նպատակահարմար, նաեւ անցանկալի լինելու մասին, Ադրբեջանի ԱԳ ղեկավարը խոսում է ՄԱԿ-ի շրջանակներում ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) «սառեցված հակամարտությունների» առնչությամբ նախաձեռնության օգտակարության մասին: Ի հակադրություն ԵԱՀԿ Մինսկի խմբի, Մամեդյարովը գտնում է, որ ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցի քննարկումը չի վնասի բանակցային գործընթացին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ