«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2007-05-19 | #95, 2007-05-22 | #96, 2007-05-23


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ԱԼԻԵՎՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ԵՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ

Հայաստանյան խորհրդարանական ընտրությունների առնչությամբ միջազգային դիտորդների հայտարարությունը խանդի եւ անգամ մտահոգության տեղիք տվեց Ադրբեջանում: Այս պարագայում Հայաստանը շահում է` որոշակիորեն բարելավելով նաեւ սեփական իմիջը արտերկրում: Սակայն, դիտորդական առաքելությունների «մեծապես միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրություններ» որակումներից անկախ եթե հետագայում էլ, այլ ընտրություններում ու գործընթացներում չամրապնդվի ձեռքբերածը, ապա բացառություն դարձած միջազգային կառույցների այս գնահատականը կանցնի աննկատ ու անարդյունք:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հետընտրական շրջանի վերլուծության ու ընդհանրապես ընտրական գործընթացների առնչությամբ անդրադարձ կատարեց քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի վերջին հայտարարություններըՙ ռազմական հզորություններն ավելացնելու եւ ղարաբաղյան հարցի պատերազմական այլընտրանքի մասին, նախ ներքին կոնսոլիդացիայի նպատակ են հետապնդում, նաեւ որոշակի առումով արեւմտյան գործիչներին շանտաժի ենթարկելու փորձ են:

Նորընտիր խորհրդարանում ուժերի բաշխվածության առնչությամբ քաղաքագետը նշեց, որ Դաշնակցությունը կարող է կոալիցիայի մաս չկազմել, գնալ դեպի ընդդիմություն, բայց շատ անհավանական է, որ ՀՅԴ-ն գլխավորի ընդդիմությունը: Ի վերջո, հայաստանյան ընդդիմությունը, Իսկանդարյանի ներկայացմամբ, մի «որակ» ունի` միասնականության անհնարինության, կամ որ նույնն է` ընդդիմությունը չի համախմբվում:

Եվ քանի որ «Ազգի» մայիսի 17-ի համարում մենք մանրամասն զրուցել ենք պրն Իսկանդարյանի հետ ու անդրադարձել երեկ նշված շատ հարցերի, ապա առանձնացնենք քաղաքագետի մի քանի գնահատականներ, որ չեն ընդգրկվել հարցազրույցում: Մասնավորապես, Իսկանդարյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների ֆոնին Հայաստանում վարչապետի ֆիգուրի հնարավոր ուժեղացման մասին, նշեց, որ մեր երկրում չկա դրա համար անհրաժեշտ ոչ քաղաքական ուժ, ոչ էլ լիդեր: Եվ քանի դեռ չկան դրանք, վարչապետի լայն լիազորությունները կմնան թղթի վրա:

«Ազգը» հետաքրքրվեց, թե ինչպիսի որակներ են ի հայտ եկել հայ ընտրողի մեջ, արդյոք կա՞ փոփոխություն նախորդ ընտրությունների համեմատությամբ: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ առաջին անգամ հայ ընտրողը զանգվածաբար քվեարկել է ավելի շատ ռացիոնալ մոտեցմամբ, քան որեւէ անձի հանդեպ համակրանքից ելնելով: Հայ ընտրողն, ըստ էության, «վաճառեց» իր ձայնը ոչ միայն փողով: Ընտրողը որոշում կայացրեց` ելնելով շահավետությունից, ինչը, ըստ Իսկանդարյանի, լուրջ քայլ է քաղաքական համակարգի զարգացման ուղղությամբ: Ընդ որում, այս միտումը շարունակվելու դեպքում ճանապարհ է դեպի զարգացման ժողովրդավարություն ունեցող երկրների պրակտիկա:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4