«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2007-05-19 | #95, 2007-05-22 | #96, 2007-05-23


ՀԱՅՖԻԼՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՀԵՏԱՀԱՅԱՑՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՐԿՈՒ ԹԵՄԱ

«Ցեղասպանությունը եւ դրա բռնության հետագիծը ներկայում»

«Ֆիլմ եւ աքսոր. կինեմատոգրաֆիական հայացքի մելամաղձը»

Ինչպես իրազեկել էինք մեր թերթի նախորդ համարներում, Բեռլինի Արսենալ կինոյում մայիսի 5-31-ը տեղի է ունենում «Կարոտ» անունը կրող հայ կինոյի հետահայաց ցուցադրումը:

«Կարոտի» շրջանակներում մայիսի 23-ին, ժամը 19.00-ին կցուցադրվի Ալբերտ Մկրտչյանի 1984-ին նկարահանած «Մեր մանկության տանգոն»: Հայ ֆիլմի հաջորդ ժապավենը Հարություն Խաչատրյանի 1991-ին ստեղծած «Վերադարձ ավետյաց երկիր»ն է, որ կինոսիրողներին կներկայացվի մայիսի 24-ին, ժամը 19.00-ին: Նույն օրը, ժամը 21.00-ին տեղի կունենա բանավեճ- քննարկումՙ «Ցեղասպանությունը եւ դրա բռնության հետագիծը ներկայում» վերնագրով:

Բեռլինը դարձավ օսմանյան կայսրության առաջնորդների աքսորավայր: Հայկական գաղտնիՙ «Նեմեսիս» անունը կրող գործողությունը ծրագրում էր սպանել Հայոց ցեղասպանությունն իրականացրած գլխավոր դերակատարներին: Բեռլինում 1921-22 թվականներին 4 սպանություն կատարվեց, սպանություն կատարողներից մեկին գերմանական դատարանն ազատ արձակեց: Ավելի ուշՙ 1970-80-ական թվականներին էլ Ցեղասպանության արյունոտ հետագիծըՙ սպանություններն ու մահափորձերը շարունակություն գտան:

Բռնության դեմ բռնությունը, ահաբեկչական մահափորձերն իբրեւ ինքնապաշտպանական գործողությո՞ւն: Քաղաքական սպանություններ, մահափորձ, ահաբեկությունՙ բառեզրի սահմանները (որ բառեզրով որին բնութագրել): Վերոհիշյալ թեմաների, ինչպես նաեւ քաղաքական սպանություններ, մահափորձ, ահաբեկություն հասկացությունների մասին բանավիճելու են Բեռլինի Ազատ համալսարանի Արեւելյան Եվրոպա ինստիտուտի դոկ. Թեսսա Հոֆմաննը, Լայպցիգի համալսարանի պրոֆ. Գեորգ Մեգգլեն, հրապարակախոս, «Նեմեսիս» գործողությունը. Թուրքիան, Գերմանիան եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը:

«Կարոտի» շրջանակներում մայիսի 26-ին, ժամը 21.00-ին կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի 969-ին նկարահանած «Մենք» ֆիլմը, որից հետո Հարություն Խաչատրյանի 2003-ի ֆիլմըՙ «Վավերագրողը»: Մայիսի 27-ին կինոսիրողները դարձյալ կհանդիպեն նույն հեղինակների ստեղծագործություններինՙ ժամը 19.00-ին կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի 1966-ին նկարահանած «Մարդկանց երկիրը», իսկ դրանից անմիջապես հետոՙ Հարություն Խաչատրյանի 2006-ի երկունքըՙ «Պոետի վերադարձը»:

Մայիսի 30-ին, ժամը 19.00-ին կցուցադրվի Դոն Ասկարյանի 1992 թվականին նկարահանած «Ավետիք» ֆիլմը, 21.30-ին էկրանին կհայտնվի Արտավազդ Փելեշյանի 1972-ին ստեղծած «Տարվա եղանակները», դրանից հետոՙ Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմը (1993թ.):

Մայիսի 31-ին, ժամը 19.00-ին կցուցադրվի Կարինե Թորոսյանի 2006-ին նկարահանած «Քար, ժամանակ, շոշափում» («Stone, Time, Touch») ֆիլմը: Նույն օրը ժամը 21.00-ին հայ կինոյի հետահայացը կավարտվի վերջին քննարկումով` «Ֆիլմ եւ աքսոր. կինեմատոգրաֆիական հայացքի մելամաղձը»:

Ցեղասպանության միլիոնավոր զոհերին հետեւեց հազարների աքսորը: Սփյուռքի տարբեր ափերում ծնված սերունդների համար հայրենիքի, երկրի, եզերքի կորուստը, ապա կորցրածի հանդեպ կարոտը, բնաջնջման տրավման, ինքնության որոնումն ու վերահայտնագործումը արտահայտություն գտան նրանց ստեղծած ֆիլմերում: Էկրանը դարձավ որոնման ու վերադարձի, արվեստըՙ կորսնված հայրենի եզերքի մի վայր:

Ի՞նչ դեր է խաղում հայկական ֆիլմը սփյուռքահայերի համար: Ի՞նչ դեր է խաղում սփյուռքահայերի ստեղծած հայկական ֆիլմը Հայաստանում ապրող հայերի համար: Արվեստըՙ կինոն կարո՞ղ է լինել կորցրած ու վերագտած կամ նոր ձեռքբերած հայրենիքի ու ինքնության վայրը: Ինչպիսի՞ դերակատարում, չափաբաժին ունի ֆիլմարվեստը հիշողության, մշակույթի, քաղաքականության մեջ: Այս եւ այլ հարցերի մասին մտքեր կփոխանակեն հայկական կինեմատեկի ղեկավար Գարեգին Զաքոյանը (Երեւան), ֆիլմբեմադրիչներ Կարինե Թորոսյանը (Տորոնտո), Դոն Ասկարյանը (Բեռլին), հրավիրված են նաեւ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ֆիլմբեմադրիչ Ատոմ Էգոյանը Տորոնտոյից: Բանավեճ-քննարկումը կվարի Հանս-Յոախիմ Շլեգելը:

ԱնԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4