Մայիսի 21-ին Փարիզում իր մահկանացուն կնքեց սփյուռքահայ անվանի բանաստեղծ Ռուբեն Մելիքը:
Ծնվել է Փարիզումՙ 1921 թ.: Իբրեւ բանաստեղծ իր գրական մուտքը հաջորդեց 2-րդ աշխարհամարտին: 1946-ին լույս տեսավ «Աշխարհի ակորդները» անդրանիկ ժողովածուն: Հետագա հատորներըՙ «Հորիզոնի անցորդները», «Երջանկության օպերան», «Քարե պահակը» «Ստորգետնյա եղանակները» Ռուբեն Մելիքի հռչակը տարածեցին Ֆրանսիայի սահմաններից դուրս: Ֆրանսիական մամուլը դրվատանքով անդրադարձավ, գրելով, որ կյանքի պայքարն ու բարդությունները բանաստեղծը դարձրել է իր պատկերավոր մտածողության հիմքը: Նրա ստեղծագործությունների ջիղը ծնունդ էր առնում կյանքային իրականությունից. խաղաղության գինն իմանալու համար պատերազմը պետք է «համտեսել», ու նա տեսավ Փարիզի անկումը, քաղաքի բնակիչների ծանր վիճակները, նրանց գաղթը երկրի հարավային կողմերը:
1978 թ.-ին Հայաստանում լույս տեսավ Ռուբեն Մելիքի «Մարմին ինձնով կենդանի» առաջին հայերեն ժողովածուն: Նրան համարում էին գաղափարի հավերժական զինվոր, մշակույթի ու գրի նվիրյալՙ տարված իր ժողովրդի անցյալով ու պատմությամբ: Դրա ցայտուն արտահայտություններից է «Քարե պահակը» պոեմը. «Մի ժողովուրդ կա իմ մեջ այն դեպքից ի վեր...», գրում է նա: Մեծ ծառայություն է մատուցել Ռուբեն Մելիքը հայ քնարերգությունը ֆրանսիական հանրությանը ներկայացնելու գործում: Խմբագրել ու հրատարակության է պատրաստել «Հայ պոեզիայի անթոլոգիան», ֆրանսիական համալսարաններում հանդես է եկել դասախոսություններով: Հայ բանաստեղծության լավագույն նմուշներն իր թարգմանությամբ բազմիցս ձայնասփռվել են ֆրանսիական ռադիոյով:
Իր բանաստեղծություններից մեկում նա գրում է.
«Պետք է գնահատել սերմերի լինելիության իղձը ճանաչելու ձգտումը/ Բնության ամեն բան գեղեցկանալու խորհուրդ ունի/ Եվ արեւի լույսը, / որ ջրերն են ըմպում/ սերմերին հանձնելու համար/ Եվ ջուրը, ե՛ւ եթերը, ե՛ւ ծաղիկները/ Ամեն ինչ համ ու բույր ունի»:
Հայ քնարերգության մեջ այդպիսի ինքնատիպ համ ու բույր ունեցավ Ռուբեն Մելիքի պոեզիան:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ