«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2007-05-22 | #96, 2007-05-23 | #97, 2007-05-24


«ՏԵԼԵՄԱՐԿԵՏՆ» ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նույն խախտումն են կատարել նաեւ մի շարք այլ ընկերություններ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշել է, որ «Տելեմարկետ» հեռուստաշոուն մոլորության մեջ է գցել սպառողներին, եւ տվյալ հեռուստաշոուի պատվիրատու «Հեռուստաշուկա» ՍՊԸ գործունեությունը համարել է անբարեխիղճ մրցակցություն: Մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում «Ազգի» հրապարակման հիման վրա հանձնաժողովի հարուցած վարույթի ժամանակ պարզվել է, որ հեռուստաշոուի ժամանակ գովազդվող ապրանքներըՙ էլեկտրական ավելը, կտրող դանակը, հագուստը չորացնող սարքը եւ բանջարեղենը կտրատող սարքը ոչ թե եվրոպական արտադրության են, ինչպես նշվում է հաղորդման մեջ, այլ չինական: Բացի այդ չափազանցված են ներկայացվել նաեւ այդ սարքերի որակական բնութագրերը:

Հանձնաժողովը երեկ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման մի շարք այլ փաստեր է հաստատել: Մասնավորապես «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունը հանձնաժողովին հայտնել էր, որ իր կողմից արտոնագրված շշերն են արտադրում նաեւ «Ա. Օսիպյան», «Շիրակ եւ որդիներ» եւ «Հրատ» ընկերությունները:

«Սախա» ընկերության արտադրած «Գոլդ կոֆի» սուրճ փաթեթի վրա զետեղված ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման է «Նեսկաֆե» հանրահայտ ապրանքային նշանին, իսկ «Արմեն Հովիկ» ընկերության արտադրած «Սակաֆեի» ապրանքային նշանը շփոթության աստիճանի նմանեցված է «Պելե» ապրանքային նշանին: «Ունիվերսամ գրուպի» կողմից իրացվող COOPOLLA անվանմամբ արտադրված եգիպտացորենի յուղն (ձեթը) էլ նմանեցված է COOPOLIVA ապրանքանիշին: Սակայն նշվեց նաեւ, որ 2006 եւ 2007 թթ. այդ անվանումով ձեթ չի ներմուծվել:

Անբարեխիղճ մրցակցության դրսեւորման երեք դեպք առնչվում էին ռուսական «Խլեբնայա դորոգա» օղու ապրանքանիշի նմանեցմանը, որը պատկանում է ռուսական «Վեդա ֆինանս» ընկերությանը: Իրենց արտադրության օղիներն այդ ապրանքանիշին են նմանեցրել «Սալեքս գրուպը», «Սիս ալկոն» եւ «Բյուկ կոնցեռնը»: Մերձավանի ոգելից խմիչքների գործարանն էլ արտադրել է «Մոսկովսկայա» անվանումով օղի, մինչդեռ այդ ապրանքանիշը պատկանում է հոլանդական Sprits International N.V. ընկերությանը:

Վերոնշյալ բոլոր խախտումները հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, որոնց համար, համաձայն օրենքում կատարված վերջին փոփոխությունների, նախատեսված է 500 հազար դրամ տուգանք: Սակայն քանի որ այդ խախտումները կատարվել են մինչ օրենքում փոփոխություններ կատարելը, որոշվեց նրանց տուգանել օրենքի նախկին խմբագրմամբ նախատեսված չափովՙ 100-հազարական դրամով: Միաժամանակ տնտեսվարողներին հանձնարարվեց դադարեցնել իրավախախտումը եւ մեկամսյա ժամկետում շրջանառությունից հանել այդ ապրանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4