«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2007-05-22 | #96, 2007-05-23 | #97, 2007-05-24


«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Երեւանի ջրամատակարարման համակարգում իրականացվող աշխատանքներին երեկ լրագրողները ծանոթացան, լինելով Կոմիտասի, Մամիկոնյան, Գրիբոյեդովի փողոցներում, որտեղ «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները տեղադրում էին նոր խողովակներ ու սարքավորումներ: Այցելության ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպովը մանրամասներ հայտնեց պայմանագրային առաջին տարում «Երեւան ջրի» իրականացրած ներդրումների եւ ծրագրերի մասին: Մասնավորապես ձեռք են բերվել 470 մլն դրամ արժողությամբ նյութեր եւ սարքավորումներՙ համակարգի շահագործման որակը բարելավելու նպատակով: Դրանք հոսակորուստների հայտնաբերման կորելատորներ են, բեռնատարներ, էքսկավատորներ, մեքենաներ, կոմպակտորներ, գրասենյակային եւ համակարգչային այլ միջոցներ: Բացի այդ, իրականացվում են շինությունների նորոգման եւ պահպանման աշխատանքներ: Այդ նպատակով կներդրվի 800 մլն դրամ:

Երեւանցիներին առավել հետաքրքրող նորությունն այն էր, որ 2007 թ.-ի ամռանը մայրաքաղաքի ջրամատակարարման ժամանակացույցը նախորդ տարվա ամառվա համեմատ կբարելավվի 45 տոկոսով:

Սերժ Պոպովը մեկ անգամ եւս նշեց, որ ընկերության առաջնահերթ խնդիրն այժմ շարունակական ջրամատակարարում ապահովելն է: Նրա հավաստմամբՙ պայմանագրային վերջինՙ 10-րդ տարում «Երեւան ջուրը» պարտավորվածություն է ստանձնել շուրջօրյա ջրամատակարարում ապահովել մայրաքաղաքի 95 տոկոսի համար: Այդ նպատակով պետք է նվազեցվեն նաեւ կորուստներըՙ ներկայիս 80 տոկոսից հասցնելով մինչեւ 50-55 տոկոսի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4