ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ 21-րդ դարում» միջազգային եռօրյա գիտաժողով հրավիրելու անհրաժեշտությունը (21-23 մայիսի) Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը երեկ բացատրեց նշյալ 2 ոլորտների արագընթաց զարգացմամբ ու փոխկապակցմամբ, ինչից մենք դեռեւս բավականին հետ ենք մնում: Խոսքը էլեկտրոնային գրադարանների ու հեռաուսուցման մասին է: Ժամանակակից կրթական ոլորտում կարեւոր տեղ է հատկացվում էլեկտրոնային գրադարաններին, քանի որ դրանք գալիս են փոխարինելու իրենց դարն ապրած թղթե քարտերին, գրապահոցներին, պատառոտված գրքերին: Դրանք համակարգչային միջավայր տեղափոխելով, դասախոսին եւ ուսանողին հնարավորություն է տրվում օրվա ուզած ժամին ստանալ իրենց հետաքրքրող նյութը, գիտական ուսումնասիրությունը, պատմական փաստերն ու տվյալները:
Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ հայաստանյան գրադարանների համահավաք գրացուցակի ձեւավորման աշխատանքները սկսվել են 2001 թվականից ու կշարունակվեն եւս մի քանի տարի: Ծրագիրը ղեկավարում է ազգային գրադարանը, ընդգրկված են մեր 13 խոշոր գրադարանները, առաջիկայում նախատեսվում է ավելացնել դրանց թիվը:
«Դա ճկուն համակարգ է, գրքի մատենագիտական նկարագրությունը կատարվում է միայն 1 անգամ, մյուս գրադարանները պարզապես ավելացնում են իրենց գրադարանների կոդը: Համակարգը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ գրականություն կա հայաստանյան գրադարաններում, որ գրքից քանի օրինակ է, որտեղ են դրանք գտնվում, եւ իրականացնել էլեկտրոնային սպասարկում: Թվային քարտարանի ստեղծումը ամենածանր աշխատանքներից մեկն է, որովհետեւ ամեն մի էլեկտրոնային գրադարան առանց քարտարանի հնարավոր չէ պատկերացնել: Հաջորդ քայլը տեքստերի թվայնացումն ու դրանց տեղադրումն է, նույնպես ժամանակ ու միջոցներ պահանջող է: Մեր համահավաք գրացուցակում արդեն մուտքագրած է մոտ 1 մլն 600 հազար մատենագիտական գրառում: Եթե հաշվենք, որ ազգային գրադարանն ունի մոտ 7 մլն գիրք, կարելի է ասել, որ այդ աշխատանքները կավարտենք 4-5 տարվա ընթացքում: Խոչընդոտող ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ են միջոցներ ու կրթված կադրեր»:
Առանց թվային գրադարանի անհնար է պատկերացնել հեռաուսուցում, քանի որ դրա համար անհրաժեշտ է լավագույն պրոֆեսորների դասախոսությունները տեղադրել ինտերնետումՙ ավանդական լսարանում գոյություն ունեցող դասախոսական բոլոր հնարքներովՙ տեսական նյութի քննարկում, աշխատանքային խմբերի ձեւավորում, հանձնարարությունների կատարում, գնահատում, թեստային համակարգի կիրառում: Այն ամենն, ինչ թույլ են տալիս հեռաուսուցման ժամանակակից համակարգերը: Երեւանի պետական համալսարանում արդեն 2 տարի իրականացվում է թվային կրթական պաշարների ձեւավորման նախագիծը, որում ներառված է նաեւ հեռաուսուցման փորձարկումը: Արդեն իսկ 16 դասախոսներ պատրաստել են պիլոտային դասընթացներ, որոնք շուտով կփորձեն տրամադրել ուսանողներին:
Տեղեկատվական հասարակություն դառնալու ճանապարհին մեր ամենից խայտառակ խնդիրը Զարգարյանը համարեց ինտերնետի ոչ այնքան մատչելի գինն ու ծառայության որակը, որոնց պայմաններում գիտելիքահենք հասարակություն ունենալու մասին խոսակցություններն ընդամենը միֆ են, բարի ցանկություն: «Պարծենում ենք մեր երիտասարդ ծրագրավորողներով, բայց, ներեցեք, աշխարհի ո՞ր երկրում երիտասարդները լավ չեն ծրագրավորում: Ժամանակի պահանջն է, երիտասարդների մեջ դրված է համակարգչից օգտվելու ունակությունը: Դրանք չափանիշներ չեն, որ հիմա փորձում ենք զարմացնել զարգացած երկրներին»: Գրեթե համընդհանուր համակարգչային անգրագիտության միջավայրում ենք ապրումՙ միջին սերունդն ընդհանրապես գիտելիքներ չունի, համակարգիչների քանակը դեռեւս բավականին քիչ է գրադարաններում, համալսարաններում, կենցաղում: «Եթե ցանկանում ենք տեղեկատվական ընկալումների առումով կիրթ հասարակություն ունենալ, պետք է համակարգչային սովը վերացնենք գներն իջեցնելով, ներկրումը մեծացնելով եւ այլ միջոցներով»:
Զարգարյանն առանձնացրեց զարգացած երկրներում մերժելի եւս մեկ երեւույթՙ համակարգչային ծրագրերի անօրինական կիրառումը, որ լայն տարածում ունի մեզանում: Դրանց հեղինակային իրավունքը, նրա ասելով, այստեղ պահպանում են միայն միջազգային կազմակերպությունները, մյուս հիմնարկներում, հատկապես հրատարակչություններում, խախտվում են հեղինակային բոլոր իրավունքները: Զարգացող երկրներին խիստ բնորոշ այս խնդիրը քննարկվել է նաեւ գիտաժողովում, առաջարկվել են դրա դեմն առնելու միջոցներ:
«Պետք է հասկանանք, որ գողությամբ ենք զբաղված ու պետք է վերջ տանք դրան: Հազար դրամով կարելի է ուզածդ համակարգչային ծրագիրը գնել: Մտավոր աշխատանք ստեղծողները մեզանում անպաշտպան են, նույնը ծրագրավորման շուկայում էՙ մասնագետները ծրագիր են գրում, հետո դրանք շրջանառվում են անվճար: Եթե կարողանանք այս ամենն ինչ-որ չափով քաղաքակիրթ շուկա բերել, գուցե այդ ժամանակ կարելի է ասել, որ տեղեկատվական հասարակություն ենք: Այլապես մնացածը լսարանին հրապուրելու քաղաքական արշավներ են, թեՙ տեսեք, մենք ինչքան զարգացած ենք: Իրականում ոչինչ էլ չկա»: Գիտաժողովին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մ. Նահանգների, Մոնղոլիայի, մերձբալթյան երկրների, Վրաստանի եւ այլ երկրների առաջատար համալսարանների մասնագետները: Ընդօրինակելի էր հատկապես եվրոպացի գործընկերների փորձը, ակտուալՙ մերձբալթյան երկրներինը, իսկ մյուսների հետ պարզապես փորձի փոխանակում էր: