Եկատերինբուրգում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության մեկնարկային երկու անհաջող տուրերից հետո Հայաստանի հավաքականը վերջապես գտավ իր խաղը եւ պարզապես ջախջախեց չեխ շախմատիստուհիներին:
Ամենաերկարատեւը առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանի մրցավեճն էր Յանա Յացկովայի հետ: Սպիտակներով հանդես եկող Դանիելյանը կարողացավ իրացնել առավելությունը եւ 75-րդ քայլին ստիպեց մրցակցուհուն անձնատուր լինել: Իսկ ահա Օլգա Սիկորովա-Լիլիթ Մկրտչյան մրցախաղում հաղթանակի հասնելու համար հայ շախմատիստուհուն անհրաժեշտ եղավ ընդամենը 32 քայլ: Հավաքականի առաջատարների հաղթարշավը շարունակեցին նաեւ նրանց խաղընկերուհիները: Նելլի Աղինյանը սպիտակներով 43-րդ քայլում առավելության հասավ Պետրա Բլազկովայի նկատմամբ, իսկ Լիանա Աղաբեկյանը սեւերով պարտության մատնեց Կատերինա Նեմցովային: Վերջինս հանձնվեց 58-րդ քայլում:
4-րդ տուրում հայ շախմատիստուհիների մրցակիցը մրցաշարի բացահայտ հետնապահ Բոտսվանայի հավաքականն էր, որը միեւնույն 0-4 հաշվով մինչ այդ պարտվել էր լեհերին, վրացիներին եւ ուկրաինացիներին: Ուստի մեր հավաքականին հիանալի հնարավորություն էր ընձեռվել շարունակել հաղթարշավը եւ զգալիորեն բարելավել մրցաշարային իրավիճակը: Եվ մեր շախմատիստուհիները հիանալիորեն օգտագործեցին ընձեռված հնարավորությունը եւ կրկին հաղթեցին խոշորՙ 4-0 հաշվով:
3-րդ տուրում իրենց հաղթարշավը շարունակեցին Չինաստանի եւ Ուկրաինայի հավաքականները: Չին շախմատիստուհիները մրցում էին առաջատարներից մեկիՙ լեհերի հետ, որոնք եւս նախորդ երկու տուրերում հաղթանակներ էին տոնել: Ինչ-որ չափով անակնկալ էր գրանցված 4-0 հաշիվը: Չին շախմատիստուհիները բոլոր պարտիաներում էլ հաղթանակ տոնեցին: Ավելի դյուրին էր Ուկրաինայի հավաքականի խնդիրը, որը 4-0 հաշվով հաղթեց Բոտսվանայի ընտրանուն եւ եւս վաստակեց 6 միավոր:
Ռուսաստանցի շախմատիստուհիները 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին Վիետնամի հավաքականին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Վրաստան-Գերմանիա մրցախաղում:
4-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Չինաստանի եւ Վրաստանի հավաքականների մրցավեճը: Համառ պայքարում գրանցվեց ոչ-ոքիՙ 2-2: Նույնպիսի հաշիվ գրանցվեց Գերմանիա-Ուկրաինա մրցախաղում: Ռուսաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Լեհաստանի ընտրանուն, իսկ վիետնամցի շախմատիստուհիները 3-1 հաշվով առավելության հասան չեխերի նկատմամբ:
4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Չինաստանի եւ Ուկրաինայի հավաքականները: Նրանցից մեկ միավորով հետ են մնում ռուսներն ու վրացիները: Հայաստանի հավաքականը, շնորհիվ վերջին երկու տուրերում տարած հաղթանակների, վաստակել է 4 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Վիետնամի եւ Լեհաստանի հավաքականները: Գերմանացիների հաշվին գրանցված է 2 միավոր, իսկ ահա չեխերն ու Բոտսվանայի հավաքականն առայժմ միավոր չունեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ