Երեկ երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը: Երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր «Շիրակին»: Թվում էր, թե «Փյունիկը», որ նախորդ 6 հանդիպումներից 5-ը հաղթանակներով էր ավարտել, այս անգամ էլ խաղադաշտը կթողնի հաղթանակած: Սակայն շիրակցիները հաճելի անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին եւ կամային հաղթանակ տոնեցին: Առաջին խաղակեսում փյունիկցի Գեւորգ Ղազարյանն առաջ մղեց իր թիմին: Ընդմիջումից հետո շիրակցիները զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները եւ Արարատ Հարությունյանը վերականգնեց հավասարակշռությունը: 67-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց փյունիկցի Ռաֆայել Նազարյանը: Չնայած «Փյունիկը» խաղում էր 10 հոգով, սակայն շարունակում էր ուղիներ փնտրել մրցակցի դարպասը գրավելու համար: Իսկ ահա «Շիրակի» ֆուտբոլիստները գրեթե ողջ թիմով պաշտպանվելով, 84-րդ րոպեին հաջող հակագրոհ կազմակերպեցին, եւ Վարդան Բիչախչյանը խփեց հաղթական գնդակը:
Անակնկալ էր հասունանում նաեւ Ոսկեհատում, որտեղ «Միկան» հյուրընկալել էր «Գանձասարին»: 27-րդ րոպեին «Գանձասարի» հարձակվող Վահե Դավթյանը բացեց հաշիվը: Մինչեւ 83-րդ րոպեն «Միկան» հաշիվը հավասարեցնելու զուր ջանքեր էր գործադրում: Վերջապես Տալեսին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Բայց 4 րոպե անց «Գանձասարի» հարձակվող Արթուր Քոչարյանը կրկին առաջ մղեց թիմինՙ ծանր կացության մեջ դնելով «Միկային»: Թվում էր, թե «Միկան» խաղադաշտը կթողնի պարտված, բայց մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Արմեն Շահգելդյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց բրազիլացի Ալեքսը խփեց «Միկայի» հաղթական գնդակը:
Այսօր կկայանան առաջին շրջանի վերջին երկու հանդիպումները: «Նաիրի» մարզադաշտում «Արարատը» կհյուրընկալի «Ուլիսին», իսկ «Հրազդանում» կմրցեն «Բանանցն» ու «Կիլիկիան»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ