Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել
Ադրբեջանը չի ցանկանում բնապահպանական անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն սկսել, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Պրահայում անցկացված ԵԱՀԿ 15- րդ եռօրյա տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել են ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, ինչի մասին մեզ տրված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը: Ըստ նրա, Հայաստանը շեշտել է բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը, որը կարող է ոչ միայն նպաստել հակամարտության լուծմանը` ստեղծելով վստահության որոշակի մթնոլորտ, այլեւ նպաստել բնապահպանական անվտանգության խնդիրների լուծմանը:
Այս տարի Իսպանիայի նախագահությամբ անցկացվող ֆորումի գլխավոր թեման շրջակա միջավայրի անվտանգության խնդիրներ էին, ինչի շուրջ էլ ծավալվեցին զեկուցումներն ու մտքերի փոխանակումը: Ֆորումի նիստերին քաղաքական ելույթներով հանդես եկան Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու ԵԱՀԿ- ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջիվան Թաբիբյանը: Իսկ Հայաստանի բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանն իր ամփոփիչ ելույթում նշեց, որ բնապահպանության ոլորտում ԵԱՀԿ- ի հետ համագործակցությունը հաջող է: Այդ ուղղությունը պետք է զարգացնել եւ հատկապես ուշադրություն դարձնել հասարակության իրազեկման խնդրին, որովհետեւ այսօր Հայաստանն այստեղ առաջատար դիրքեր է զբաղեցնում եւ 2 տարվա ընթացքում 9 կենտրոն է բացել հանրապետության տարբեր մարզերում: Այդ կենտրոնները զբաղվում են հասարակության իրազեկման, բնապահպանական որոշումների կայացման հարցում հասարակության դերի բարձրացման հարցերով:
Այնուհետեւ փոխնախարարը մեզ հետ զրույցում ասաց.
«Մենք շեշտեցինք, որ ԵԱՀԿ- ն կարող է լուրջ դերակատարություն ունենալ շրջակա միջավայրի մոնիտորինգի, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերում: Բոլորն էլ գիտեն, որ մենք քաղաքական խնդիրներ ունենք մեր տարածաշրջանում, բայց դրանք չպետք է խանգարեն բնապահպանական համագործակցությանը, քանի որ առանց դրա անհնար է շրջակա միջավայրի խնդիրներ լուծել»:
Այդ իմաստով ֆորումում մեծ հետաքրքրությամբ են ընդունել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի ելույթը, ով ներկայացրել է այն ծրագրերի արդյունքները, որոնք արդեն իրականացվել են Հայաստանում: Ըստ զրուցակցիս, առաջինը ՆԱՏՕ- ի եւ ԵԱՀԿ- ի կողմից համատեղ անցկացվող Հարավային Կովկասի գետերի մոնիտորինգն է, որը միակ բնապահպանական ծրագիրն է` Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ ուղղված է շրջանի գետերի ու ջրային ռեսուրսների մաքրությանը: Երկրորդը հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունն է շրջակա միջավայրի վրա եւ այս ոլորտում ներկայացվել են ԵԱՀԿ հովանու ներքո Քաջարանում կատարված 3 տարվա հետազոտական աշխատանքները եւ քաղաքի մանկապարտեզներում մտցված անվտանգության ծրագրերը: Եվ երրորդը հրթիռային վառելիքի` խորհրդային ժամանակներից մնացած 872 տոննա մելանժի` պարարտանյութի վերածման ծրագիրն էր, որ հաջողությամբ ավարտվել է եւ պարարտանյութն անվճար բաժանվել է գյուղացիներին:
ԱԳՆ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի կարծիքով, բնապահպանական արդի հարցերի լուծումը պետք է դրական ազդեցություն ունենա ոչ միայն բնապահպանական, այլեւ անվտանգության ոլորտներում, եւ կարող է իր նպաստը բերել հակամարտությունների լուծմանը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերում:
Արտաքին գործերի փոխնախարարի կարծիքով` «Մեր մոտեցումը աջակցություն է ստանում ԵԱՀԿ- ում, ի տարբերություն Ադրբեջանի, որը գտնում է, որ նախ հակամարտությունները պետք է լուծվեն, որից հետո կարող են անդրադառնալ մյուս հարցերին: Մենք թյուր ենք համարում այդ մոտեցումը, որովհետեւ հակամարտության լուծման խնդրով արդեն իսկ ԵԱՀԿ- ն զբաղվում է Մինսկի խմբի շրջանակներում` համանախագահների ակտիվ մասնակցությամբ, եւ բոլոր դժվարություններով հանդերձ, իսկապես որոշակի առաջընթաց կա: Ադրբեջանը փորձում է խնդիրը այլ շրջանակներ տեղափոխել, մասնավորապես ՄԱԿ, բայց ԵԱՀԿ շրջանակներին այլընտրանք չկա, որովհետեւ ԵԱՀԿ- ն այն ատյանն է, որտեղ հարցը ուսումնասիրվել է բոլոր կողմերից եւ ինչ- որ տեղ լուծման ձեւերը բյուրեղացվել են: Ոչ մի նոր ատյան չի կարող արդյունավետությամբ այդ խնդիրներին հետամուտ լինել: Այնպես որ Հայաստանի մոտեցումը ավելի իրատեսական է եւ այն արձագանքը, որ ունենք ԵԱՀԿ անդամ երկրներից, ինչ- որ տեղ հավանության է արժանանում եւ համարվում է ճիշտ ճանապարհ»:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա