Արցախի ազատամարտիկների միությունը նույնպես հանդես է եկել ԼՂՀ նախագահական ընտրություններում ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարությամբ: Այս փաստը հատկանշական է նրանով, որ ազատամարտիկների միությունը ստվար թվաքանակ ունենալուց բացի, նաեւ շոշափելի հեղինակություն ունի հասարակության շրջանում:
Հայտարարությունն ընդունվել է կազմակերպության խորհրդի եւ միության տարածքային ու համայնքային միավորումների ներկայացուցիչների համատեղ նիստում: Չի բացառվում, որ ԱԱՄ-ին կհետեւեն նաեւ հասարակական այլ կառույցներ, սակայն խնդիրը ոչ այնքան դրանց թվի մեջ է, որքան երկրի ապագայի հանդեպ մոտեցումների համատեղման: Այս տեսանկյունից Բակո Սահակյանի վստահության պաշարի հետեւողական աճը կանխատեսումների համար առավել հստակ դաշտ է ուրվագծում:
Առհասարակ, ընտրությունների ժամկետի մոտեցմանը զուգահեռ, հասարակական մտածողությունը ԼՂՀ-ում ավելի պրագմատիկ է դառնում: Հանրային ակնկալումներում առաջնահերթվում են ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու իրատեսական ծրագրերը, ինչպես նաեւ հնարավորությունների բավարար ռեսուրսների առկայությունը: Դրանից հետեւում է, որ ընտրողը կհակվի ոչ թե դեպի պոպուլիստական հայտարարությունները, այլ իրատեսական ծրագրերը:
Այս կարծիքը ընդունելով, նախագահի թեկնածու, Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում միեւնույն ժամանակ առաջիկա ընտրություններում իր հնարավորությունները բավականին համեստորեն է գնահատելՙ մատնանշելով առայժմ նվազագույն խնդիրը, այն էՙ 12-15 տոկոս քվե հավաքելով, պահպանել կուսակցության վարկանիշը, հատկապես որ կոմկուսը քաղաքական դաշտը ներկայացնող միակ կուսակցությունն է նախագահական ընտրություններում:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն արդեն ստորագրել է ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնք Ազգային Ժողովն ընդունել էր վերջին նիստում: Նորացված օրենքով քարոզչության ժամկետը սահմանվել է 30 օր, որի հիմամբ էլ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը հունիսի 9-ից տեղափոխվել է հունիսի 19:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ