«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2007-05-24 | #98, 2007-05-25 | #99, 2007-05-26


ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ ԹՈՂԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԸ

Սակայն ոչ` հին ձեռագրերի հետ աշխատանքը

«Բնավ տխրության զգացում չունեմ, այնքան ջերմ մթնոլորտ էր Մատենադարանում, գնահատանքի այնպիսի խոսքեր լսեցի մեր գիտաշխատողներից ու կրթության նախարարից, իմ 25-ամյա աշխատանքային գործունեության համար պարգեւատրվեցի նաեւ ոսկե հուշամեդալով: Հիմա ավելի շատ ժամանակ կունենամ գիտական աշխատանքներս հրատարակելու, իհարկե, միաժամանակ կատարելով այն ամենը, ինչ պահանջվում է տնօրենի գլխավոր խորհրդականից», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, որն իր դիմումի համաձայն երեկվանից դադարեցրեց Մատենադարանի տնօրենի պաշտոնում իր երկարամյա աշխատանքը:

Մատենադարանին նրա անմնացորդ նվիրումի ամենավառ վկայությունը հին ձեռագրերի ցանկը տարեցտարի հարստացնելն էր: Ամեն մի ձեռագրի հանդեպ իր գորովալից վերաբերմունքը Արեւշատյանն անմիջապես փոխանցում է զրուցակցին, վարակում տարիների հետ հոգում կուտակված ծնողական սիրով: Նրա համար ձեռագիր մատյանը ապրող ու շնչող օրգանիզմ է` կարոտ մշտատեւ փայփայանքի: Քառորդ դարյա աշխատանքի ընթացքում նա Մատենադարանի ձեռագրերի ցանկը հարստացրել է մոտ հազարով: Իրենից հետո տնօրենի պաշտոնում ցանկանում է տեսնել Մատենադարանի նախկին աշխատակից, միջնադարագետ Հրաչյա Թամրազյանին, որին արժանի է համարում ինչպես գիտական տաղանդով, այնպես էլ մարդկային դրական հատկանիշներով` «Կարծում եմ, թեկնածուներից ամենահարմարը Հրաչյա Թամրազյանն է»:

Սակայն վերջնական ընտրությունը կկատարվի մոտ մեկ ամսից, Մատենադարանի գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ: Իսկ մինչ այդ, ընդունված կարգի համաձայն, ԿԳ նախարարությունը մրցույթ կհայտարարի տնօրենի թափուր տեղի համար: Այդ ընթացքում տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կդրվեն փոխտնօրեն Արշակ Բանուչյանի վրա:

«Ազգի» հետ զրույցում Արեւշատյանը խոսեց նաեւ ձեռագրերի թվայնացման ծրագրի մասին` «Գիտեք, որ թոհուբոհից, աղմուկից հետո ամերիկյան «Հիլլ» թանգարանի հետ կնքած մեր պայմանագիրը չեղյալ հայտարարեցինք: Հիմա այդ ծրագիրը նոր փուլ է թեւակոխել: Օրերս նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ նորից ուրախությունս հայտնեցի այդ հարցի հանդեպ հասարակության ուշադրությունից, ավելի ուրախ կլինեմ, եթե ձեռագրերի թվայնացման ծրագիրը կառավարությունը պահի ուշադրության կենտրոնում ու տեր կանգնի: Մեզ համար կարեւորը ձեռագրերի պահպանությունն ու անվտանգությունն է` գաղափարի իրականացումը: Թե ովքեր կկատարեն թվայնացումը, բնավ էական չէ: Մենք մեր ժառանգության տերն ենք ու մտածում ենք դրա պահպանության մասին: Ուրախալի է, որ մեր պետությունը ցանկանում է իր նյութական օժանդակությամբ այդ ծրագիրը վերցնել իր ձեռքը: Ինչքան շուտ սկսվեն թվայնացման աշխատանքներն, այնքան լավ, որովհետեւ ձեռագրերը ծերանում են, իրենց բնական մահով մահանում: Մինչ այդ պետք է պատճենահանել` ապահովելու համար դրանց ապագան»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4