«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2007-05-24 | #98, 2007-05-25 | #99, 2007-05-26


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Այսօր ուշ երեկոյան գերմանական Բամբերգ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի կանադացի Սեբաստիան Դեմերսի հետ: Արթուրը հերթական անգամ կփորձի պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Առայժմ հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է: Նա հաղթել է անցկացրած բոլոր 22 մենամարտերում էլ, ընդ որում դրանցից 17-ում հաջողության է հասել նոկաուտի շնորհիվ:

Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա բավական երկար ընդմիջումից հետո: Հիշեցնենք, որ նա վերջին մենամարտն անցկացրել էր անցյալ տարվա սեպտեմբերին կոլումբիացի Միրանդայի հետ եւ չնայած ծնոտի ծանր վնասվածքին, հաղթել էր ու հերթական անգամ պահպանել չեմպիոնական տիտղոսը:

«Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ մենամարտելու: Իսկ ծնոտումս տեղադրված մետաղյա թիթեղիկներն ու պտուտակները չեն կարող ինձ խանգարել հաջող մենամարտ անցկացնելու: Ինձ համար առանձնապես կարեւոր է հաջող հանդես գալ հատկապես Բամբերգում, որտեղ սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Այնպես որ պարտավոր եմ հարազատներիս ու երկրպագուներիս ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ եւ հասնել հաջողության: Ես պատրաստ եմ մենամարտին եւ վստահ եմ, որ հաջողությամբ կպաշտպանեմ չեմպիոնի տիտղոսը», հայտարարել է Արթուր Աբրահամը:

Նշենք, որ Արթուրի մրցակիցը եւս առայժմ անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում: Նա անցկացրած 20 մենամարտերում դեռ չի պարտվել: Դեմերսը կայացած մամուլի ասուլիսում բավական հարգանքով է խոսել Արթուր Աբրահամի մասին, նշելով, որ հայ բռնցքամարտիկն իրոք արժանի է չեմպիոնական տիտղոսին: Սակայն միաժամանակ նշել է, որ մայիսի 26-ին չեմպիոնական գոտին նոր տեր կունենա: Սեբաստիան Դեմերսն առաջին անգամ է չեմպիոնի տիտղոսը վիճարկելու: Չնայած դրան, նա լավատեսորեն է տրամադրված` միաժամանակ լավ հասկանալով, որ սպասվում է բավական ծանր մրցախաղ Արթուր Աբրահամի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4