Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի միջազգային պատանեկան մրցաշարում Զավեն Անդրեասյանը շարունակում է առաջատարների հետապնդումը: 8-րդ տուրում Զավենը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը բելառուսցի Սերգեյ Ժիգալկոյի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել ռուսաստանցի միջազգային վարպետ Յան Նեպոմնյաշչին: Նա էլ իր պարտիան Էդուարդ Գորովիխի հետ ավարտեց ոչ-ոքի եւ վաստակեց 6 միավոր:
Հաջող է հանդես գալիս նաեւ Ավետիք Գրիգորյանը: Նա 8-րդ տուրում հաշտություն կնքեց ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովի հետ: Ավետիքը 5 միավորով Կուզուբովի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Առաջատարների խմբում է նաեւ հնդիկ գրոսմայստեր, մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 14-ամյա Նեգի Պարամարիանը: Վերջինս հաղթեց Էլթաջ Սաֆարլիին եւ 5,5 միավորով Անդրեասյանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ