«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2007-05-25 | #99, 2007-05-26 | #100, 2007-05-30


ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երեւանում այլ է, Բաքվում` ա՞յլ

«Նախագահների հանդիպման նախաշեմին միշտ էլ, իհարկե, ակնկալիքներ են լինում, որովհետեւ վերջնական որոշումները այնտեղ են կայացվում», «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Արտգործնախարարի կարծիքով, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը բավական մեծ է, թեեւ այդ հարցը «վերջնականապես կճշտվի համանախագահների հաջորդ այցելության ընթացքում»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի անցյալ շաբաթ տարածաշրջան կատարած այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում հանդիպելու համաձայնություն տվեցին: Այդուհանդերձ, մինչ այդ հանդիպումը, ինչպես եւ տեղեկացրել էին Մերզլյակովն ու Ֆասիեն, սպասվում է համանախագահների եւս մեկ այց տարածաշրջան` այս անգամ նաեւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մասնակցությամբ:

Ամեն դեպքում, կրկին կարծես առաջանում է կառուցողական ու ապակառուցողական մոտեցումներ ցուցաբերելու խնդիրը: Հայկական կողմին «ոչ կառուցողական» դիրքորոշման համար մեղադրող Ադրբեջանը, ի դեմս ադրբեջանական իշխանությունների համար բացարձակապես վերահսկելի լրատվամիջոցների ու հատկապես ինտերնետային լրահոսի, տառացիորեն զրպարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին:

Թե ինչպիսին էր համանախագահների այցելությունը Երեւան, «Ազգի» ընթերցողները տեղյակ են մեր հրապարակումներից, մասնավորապես նաեւ որեւէ ալիեւյան կամ այլ կարգի հայտարարություն չմեկնաբանելու, բանակցությունների բովանդակության առնչությամբ որեւէ տեղեկություն չտրամադրելու սկզբունքին նրանց հավատարմությանը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ֆասիեն ու Մերզլյակովը Բաքվում որոշել են «ապշեցնել» բոլորին կամ էլ ասուլիսին ներկայացել են «ոչ սթափ» վիճակում: «Ազերի պրես» գործակալության պարագայում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե «մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»: Իսկ Բեռնար Ֆասիեն, որ Երեւանում որեւէ կերպ չարձագանքեց բացահայտումներ անող Իլհամ Ալիեւի հայտարարությունների առնչությամբ որեւէ բան ասելու «Ազգի» խնդրանքին, ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ, իբր հայտարարել է. «Հարկավոր է որոշել, թե ինչ է անհրաժեշտ անել առաջին հերթին: Գտնում եմ, որ սկզբի համար ամենադյուրինը 7 շրջաններն ազատելն է, այնուհետեւ անմիջականորեն Ղարաբաղի առնչությամբ հարցերի քննարկմանն անցնելը: Առաջինՙ բոլոր երկրները պետք է պահպանեն մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը: Եվ երկրորդՙ պետք է պահպանեն ինքնորոշման սկզբունքը: Եվ խնդիրն էլ այն է, թե ինչպես արդար կերպով համադրել այդ սկզբունքները»:

Թերեւս ադրբեջանական մամուլի համար ավելի օգտակար եւ պրոֆեսիոնալ կլիներ մեջբերել նույն Բեռնար Ֆասիեի խոսքերը, որ հնչեցին Երեւանում` ի պարզաբանում Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե բանակցությունների անարդյունք լինելու պարագայում այլընտրանքը պատերազմն է: Ֆասիեն մասնավորապես ընդգծեց, որ որեւէ պարագայում պատերազմը տարբերակ չէ ու չի կարող լինել:

Ամեն դեպքում, թերեւս իսկապես պահն է, որ համանախագահները որեւէ կերպ արձագանքեն այն ամենին, ինչ հրապարակ է հանվում ադրբեջանական կողմի «տրամաբանությամբ»: Այլապես իրենք` համանախագահները կարող են արժանանալ անվստահության, քանի որ դժվար է որոշել` ստի ու կեղծիքի ինչ բաժին են պարունակում ադրբեջանական կայքէջերը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4