«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2007-05-25 | #99, 2007-05-26 | #100, 2007-05-30


ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հունիսի 1-ին Արցախում հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն կհանձնեն, վարժարանների շրջանավարտների հետ, հանրապետության միջնակարգ դպրոցների շուրջ 2300 շրջանավարտներ: Նրանցից, սակայն, միասնական քննություններին կմասնակցի 776 շրջանավարտ, իսկ մյուսները քննություն հանձնելու են միայն միջնակարգի ատեստատ ստանալու համար: Երեկ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթութան, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը: Նա միաժամանակ նշել է, որ միասնական քննությունները կազմակերպվելու են Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որի նպատակով հանձնարարված է շրջանային ԿՄՍԶ բաժինների վարիչներին ու համայնքների ղեկավարներինՙ ապահովել քննությանը մասնակցող աշակերտների ժամանակին ներկայանալը:

Ավարտական քննությունները կանցկացվեն հանրապետության 50 դպրոցներում, որտեղ համապատասխան նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ավելի վաղ անցկացված փորձնական քննություններն ի հայտ են բերել այն բոլոր թերություններն ու խոչընդոտները, որոնք առկա են նոր քննակարգում: Դրանք հիմնականում վերացվել են, սակայն նախարարի խոսքովՙ դժվարություններ դարձյալ լինելու են, քանզի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, Արցախում եւս նման կարգի քննություններ առաջին անգամ են կազմակերպվում: Դա քննություններում սուբյեկտիվությունը վերացնելու հուսալի ձեւ է, եւ հարյուր տոկոսանոց անաչառություն անպայման կապահովվի, հավատացած է Կ. Աթայանը, իսկ դրա համար պետք է շահագրգիռ բոլոր ուժերի ջանքերը համատեղել:

Այն աշակերտների համար, ովքեր չեն կարողանա մասնակցել միասնական քննություններինՙ հիվանդանալու կամ հարգելի այլ պատճառներով պայմանավորված, լրացուցիչ քննություններ կկազմակերպվեն հուլիսի 5-7-ն ընկած ժամանակահատվածում, տեղեկացրեց նախարարը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4