Ֆուտբոլային նախորդ մրցաշրջանի վերջին մրցանակը` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Միկան»: Այս թիմերն արդեն չորրորդ անգամ էին հանդիպում Սուպերգավաթի մրցաշարում: Երկու անգամ հաջողությունն ուղեկցել էր փյունիկցիներին, իսկ անցած տարի հաղթող էր ճանաչվել «Միկան»` առաջին անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:
Սուպերգավաթի հոբելյանական` 10-րդ խաղարկությունն աչքի չընկավ դիտարժան խաղով: Երկու թիմերի գործողություններում մեծ տոկոս էր կազմում տեխնիկական խոտանը: Դա էր պատճառը, որ գոլային պահերը չափազանց սակավաթիվ էին, որի հետեւանքով խաղի հիմնական ժամանակում դարպասները մնացին անառիկ: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որում թիմերն աչքի ընկան արդյունավետ խաղով: Ավելի հաջողակ գտնվեցին փյունիկցիները: Նախ 104-րդ րոպեին Նորայր Սահակյանը գլխի հարվածով բացեց հաշիվը, ապա Գեւորգ Ղազարյանը տուգանային հարվածով երկրորդ անգամ գրավեց «Միկայի» դարպասը` փաստորեն վճռելով մրցակցության ելքը: Ճիշտ է, Արտյոմ Ադամյանը տուգանային հարվածով կրճատեց հաշիվը, բայց խաղը փրկել «Միկային» չհաջողվեց: Այսպիսով, հաղթելով 2-1 հաշվով, «Փյունիկը» 5-րդ անգամ նվաճեց Սուպերգավաթը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ