Էլիստայում մեկնարկել են շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղերը: 16 ուժեղագույն գրոսմայստերները նախապես կայացած վիճակահանությամբ բաժանվել են զույգերի: 6 պարտիայից բաղկացած մրցախաղերում հաղթած շախմատիստները (ոչ-ոքիի դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցախաղ) 2-րդ փուլումՙ հունիսի 6-13-ը կվիճարկեն աշխարհի առաջնության եզրափակիչի չորս ուղեգրերը: Դրանց տերերը Վլադիմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդի, Պյոտր Սվիդլերի եւ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք 2 շրջանով մրցաշարում կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Առաջին փուլում Լեւոն Արոնյանի մրցակիցը նորվեգացի 16-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենն է, որի հետ մինչեւ մրցաշարի սկիզբը անցկացրած 6 պարտիաներում հայ շախմատիստը տարել է մեկ հաղթանակ, 5-ն ավարտել է ոչ-ոքի: Հաջողության դեպքում Արոնյանը կմրցի Ալեքսեյ Շիրով-Մայքլ Ադամս զույգի հաղթողի հետ:
Հուրախություն հայ շախմատասերների, Արոնյանը հաղթանակով սկսեց մրցախաղըՙ սեւերով պարտության մատնելով մրցակցին: Երկրորդ պարտիայում, որում սպիտակներով խաղում էր Արոնյանը, գրանցվեց ոչ-ոքի: Ցավոք, հաջորդ պարտիայում Լեւոն Արոնյանը 41-րդ քայլում զիջեց մրցակցին եւ մրցախաղի հաշիվը հավասարվեցՙ 1,5-1,5:
Նույնպիսի հաշիվ է գրանցվել Ալեքսեյ Շիրովի եւ Մայքլ Ադամսի մրցախաղում, որի բոլոր 3 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Գատա Կամսկին 2,5-0,5 հաշվով հաղթում է Էտյեն Բաքրոյին: Ալեքսանդր Գրիշչուկը 2-1 հաշվով առջեւից է ընթանում Վլադիմիր Մալախովի հետ մրցավեճում: 2 տուրից հետո մյուս մրցախաղերի արդյունքներն այսպիսին են. Լեկո-Գուրեւիչՙ 1,5-0,5, Պոնոմարյով-Ռուբլյովսկիՙ 1-1, Գելֆանդ-Կասիմջանովՙ 1-1, Պոլգար-Բարեեւՙ 0,5-1,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ