«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


«ՄԻ՞ԹԵ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔՆ Է ԾՆՎՈՒՄ»

Իսրայելի «Հաարեց» թերթին տված հարցազրույցում երբեմնի հայտնի երգիչ, ապա եւ կուսակցական գործիչ Զյուլֆու Լիվանելին ահա թե ինչ է պատասխանել «ձեր կարծիքով (հայերի նկատմամբ) ցեղասպանություն կատարվե՞լ է, թե՞ ոչ» հարցին. «Այո կատարվել է: Սակայն բազմաթիվ թուրքեր չհավատացին դրան: Թուրքիայի Հանրապետության կազմավորման փուլում ակնհայտ էր լռելու եւ հիշողությունից ամեն ինչ ջնջելու ցանկությունը: Ներառյալ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կրած աղետը: Օրինակ, ոչ ոք ինձ տարիներ շարունակ չի ասել, որ ռուս զինվորները Արեւելյան Անատոլիայում սպանել են իմ ազգականներին: Հայերի ողբերգությանը առնչություն ունեցող այս փաստը թուրքերի համար կարեւոր է ճշմարտությանը բաց աչքով նայելու առումով: Դրա շուրջը բանավեճեր ծավալելը ավելի կարեւոր է, քան հայոց ողբերգության պատասխանատվությունը ստանձնելու համար Թուրքիայի վրա դրսից գործադրվող ճնշումները»:

Արձագանքելով Լիվանելիի վերոհիշյալ խոսքերին «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթը մայիսի 27-ի համարում հրապարակել է «Դու ցեղասպանություն կատարվեց ասել ես, թե՞ ոչ» վերնագրով հոդվածը: Թուրքական այս թերթը ելնելով Լիվանելիի ասածներից, այնուհետեւ հետեւյալ հարցադրումն է արել. «Մի՞թե երկրորդ Օրհան Փամուքն է ծնվում»: Ինչպես հայտնի է, Նոբելյան մրցանակի դափնեկիր Փամուքը «Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 մլն հայ է սպանվել» ասելու համար հալածանքների է ենթարկվել: Մահվան սպառնալիքներից խուսափելու համար նա լքել է Թուրքիան եւ բնակություն հաստատել Նյու Յորքում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4