Հ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի երեկվա նիստին ելույթ ունեցավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա խորհրդի անդամներին նախ ներկայացրեց քաղաքական եւ տնտեսական այն փոփոխությունները, որ արձանագրել է Հայաստանը վերջին 5-6 տարիներին:
Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ վերջին 6 տարում Հայաստանի միջին տնտեսական աճը կազմել է 12,5 տոկոս, եւ այդ տեմպը կպահպանվի նաեւ այս տարի: Հայաստանը մտել է ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագրի մեջ, խոշոր էներգետիկ ծրագրեր է իրականացնում Ռուսաստանի եւ Իրանի հետ, սկսվել է ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ըստ նախագահի, հաջող են ընթացել, ինչը նշանակում է, որ բարեփոխումների քաղաքականությունը կշարունակվի:
Ինչ վերաբերում է էներգետիկ ծրագրերին, ապա Ռոբերտ Քոչարյանն առաջինը հիշատակեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը: Բացի այդ, ավարտվել է 220 Վոլտ հզորությամբ 9 ենթակայանների կառուցումը, կառուցվում են փոքր ՀԷԿ-եր, ընթացքի մեջ է վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիրը:
Երկրի ղեկավարն առանձնացրեց ատոմային էներգետիկայի ոլորտը: Նա նշեց, որ արդեն ավարտվել է մինչեւ 2025 թ.-ը երկրի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, համաձայն որի Հայաստանը արդարացված է համարում ատոմային էներգետիկայի զարգացումը երկրում գործող ատոմակայանի փակումից հետո: Նա ընդգծեց, որ ատոմային էներգետիկան զարգացնելու եւ նոր ատոմակայան կառուցելու Հայաստանի մտադրությունն արտահայտվել է «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, որտեղ վերացվել են դրա խոչընդոտները: Միաժամանակ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է նպաստեն գործող ԱԷԿ-ի փակմանը եւ անվտանգության միջոցառումների ապահովմանը 2006-2016 թթ.-երին: Հիշատակվեց նաեւ Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ ուրանի հանքավայրերի հետազոտման եւ արդյունահանման համաձայնագիրը: Սակայն նշվեց, որ ուրանի հարստացմամբ Հայաստանը չի զբաղվելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ