«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ԱՄՀ. ՆԱՎԹ ՉԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է

Տնտեսական աճի ցուցանիշով

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում շարունակվում է տնտեսական բարձր աճը, սակայն պետք է զգոն լինելՙ թույլ չտալու համար գնաճային ճնշումներ եւ մեծածավալ արտաքին փոխառություններ: Երեկ այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության ավագ խորհրդատու Դեվիդ Օուենը: Ըստ նրա, վերջին 4 տարիներին այդ տարածաշրջանում միջին տնտեսական աճը գերազանցում է 10 տոկոսը: Ընդ որում, աճը բարձր է եղել ինչպես նավթ եւ գազ արտահանող (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան), այնպես էլ չարտահանող (Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) երկրներում: Կանխատեսվում է, որ 2007 թ. տնտեսական աճը տարածաշրջանի երկրներում կգերազանցի 12 տոկոսը:

Հայաստանը տնտեսական զարգացման տեմպերով առաջատարներից է այն երկրների շարքում, որոնք նավթ եւ գազ չեն արտահանում: Մեր երկրի տնտեսական միջին աճը վերջին 4 տարիներին, ԱՄՀ ներկայացուցչի հավաստիացմամբ, կազմել է 13 տոկոս, իսկ այս տարվա առաջին եռամսյակում այդ աճը գերազանցել է բյուջեով նախատեսված 9-10 տոկոսը: Դա տեղի է ունեցել առաջին հերթին շնորհիվ մասնավոր փոխանցումների եւ արտահանման աճի:

Հայաստանն առաջինն է մեկ այլՙ ազգային դրամի ամրապնդման ցուցանիշով: Դեւիդ Օուենը նշեց, որ դոլարի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը «Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականության շնորհիվ» վերջին երկու տարիներին արժեւորվել է 25 տոկոսով, իսկ իրական փոխարժեքըՙ 16,9 տոկոսով: Վերջին ցուցանիշի առումով նույնպես Հայաստանն առաջատար է, ինչն, ԱՄՀ ավագ խորհրդատուի կարծիքով, ունի դրական նշանակություն մակրոտնտեսական կայունության համար:

Միաժամանակ Դեւիդ Օուենը նշեց, որ հարկերի հավաքման ցուցանիշը շարունակում է ցածր մնալ: ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը վերջին մի քանի տարիներին չի փոխվել, ինչը ԱՄՀ ներկայացուցիչը բացատրում է այն բանով, որ տնտեսության առավել արագ զարգացող ճյուղերըՙ գյուղատնտեսությունն ու շինարարությունը ընդգրկված չեն հարկման դաշտում: Նա նաեւ կարեւորեց հարկային վարչարարության բարելավումն ու կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4