Դանիական «Առաքելություն Արեւելք» եւ հայաստանյան «Հույսի կամուրջ» կազմակերպությունների երկու տարի առաջ սկսած «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի առաջին փուլն իր վերջնագծին հասավ երեկՙ «թեթեւ, չափավոր ու ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ կրթության չափորոշիչների կիրառման» դասընթացն անցած ուսուցիչներին վկայականներ հանձնելով ու կատարվածն ամփոփելով: Ընթացքում վերապատրաստվել են ընդհանուր թվով 257 ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվում է Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ:
Թիվ 5 հատուկ դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Կատինյանն ամեն օր աշխատում է այն երեխաների հետ, որոնք հասկանալի պատճառներով ժամանակին կրթություն չէին ստանում: Նա այս ծրագրում առաջինն ընդգրկվածներից է եւ ամենից լավ է նկատում երեխաների կյանքում կատարված փոփոխությունները: «Կարծում եմ, ծրագիրը չափազանց անհրաժեշտ է եւ խիստ օգտաբեր: Երեխաներն այսօր շփվում են, կարողանում են ինտեգրվել հասարակությանը, ինչը կարեւոր է նաեւ նրանց ծնողների համար: Նրանք կրթվում են, սովորում են ճանաչել իրենց ու շրջապատը: Ուսուցումը շատ լայն հասկացություն է, մեկի համար ընդամենը տառաճանաչ դարձնելն է, մեկ ուրիշի համարՙ ինքնաճանաչման միջոց է»:
«Առաքելություն Արեւելք» կազմակերպության կրթական ծրագրերի ղեկավար Րաֆֆի Դուդակչյանի ասելով, առաջին փուլում իրենք աշխատել են կրթության եւ գիտության նախարարության ու «Հույսի կամրջի» հետ, ներառական կրթության ոլորտում հասնելով շոշափելի առաջընթացի: «Արդեն կարելի է ասել, որ Հայաստանն այս ոլորտի դրոշակակիրն է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ նախկին Խորհրդային Միության երկրների համեմատությամբ: Ավելի քան 12 դպրոց դարձել են ներառական. մոդելի ուսուցումն այնքան քաջալերվեց, որ այսօր համարվում ենք լավագույնը», «Հույսի կամուրջի» գրասենյակում երեկ ասաց Դուդակչյանը: Հասարակական կազմակերպությունների հետ իրենց աշխատանքի դրական կողմերից մեկը հաշմանդամների հանդեպ հասարակության վերաբերմունքը ջերմացնելով հաշմված երեխաներին մեկուսի կյանքից ազատելն ու նրանց լիարժեք մարդու զգացողություն պարգեւելն էր:
Ծրագրի երկրորդ փուլը կիրականացնեն կրթության ազգային ինստիտուտի եւ մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ. «Ցանկանում ենք ներառական կրթության չափորոշիչների հիմքերը դնել նաեւ այս հաստատություններում, որովհետեւ մանկավարժական կադրերն այնտեղ են պատրաստվում եւ վերապատրաստվում»:
Երեկվա հանդիպմանը ներկա էր նաեւ Գերմանիայից ժամանած հատուկ կրթության միջազգային խորհրդական Կլաուս Յանը, որին հանձնվեց կրթության նախարարության պատվոգիրը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ ներառական կրթության կազմակերպումն այժմ հնարավոր է դարձել ոչ միայն հատուկ, այլեւ հանրակրթական դպրոցներում: Ծրագրի առանձնահատկությունը, նրա գնահատմամբ, երեխայի միտքը ճկուն դարձնելն ու կրթության մի մակարդակից մյուսին անցնելու ճանապարհ բացելն է. «Հատուկ մշակված ծրագրով երեխան կրթության միջին մակարդակից հեշտությամբ անցնում է թեթեւին, որից հետո սահուն հասնում է հանրակրթական սովորական ծրագրին: Մյուս կողմից ծրագիրը նպաստեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը, ուշադրության կենտրոնում պահելով նաեւ հանրակրթական դպրոցներին: Բարելավվեց նաեւ օրենսդրական դաշտը, որով երեխաների կրթությունը կազմակերպելուց զատ դպրոցները հնարավորություն ստացան ընդունելու լրացուցիչ մասնագետներ: Ներառական կրթությունն ամրագրվեց օրենսդրությամբ եւ այլեւս հետադարձ ճանապարհ չունի, պիտի առաջ գնա»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ